երկուշաբթի, մայիս 26
26 / 5 / 2025
«Հայաստանի Հանրապետություն». Այլեւս չսպասելով Թուրքիայի անհիմն պատճառաբանություններին

«Հայաստանի Հանրապետություն». Այլեւս չսպասելով Թուրքիայի անհիմն պատճառաբանություններին

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Սիրիական ճգնաժամի եւ տարածաշրջանային քաղաքական գործընթացներում զարգացումների մասին «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը զրուցել է արաբագետ Արմեն Պետրոսյանի հետ: «Վերջին մեկ ամսվա ընթացքում,- նշել է արաբագետը,- լարված է իրավիճակը Սիրիայի հյուսիսարեւմտյան Իդլիբ նահանգում, որտեղ կառավարական ուժերը եւ նրանց դաշնակիցները փորձում են ազատագրել հակակառավարական կամ ընդդիմադիր տարաբնույթ խմբավորումների ազդեցության տակ գտնվող վերջին հանգրվանը, նահանգը: Իդլիբի դեմ ակտիվ ռազմագործողությունը դադարեցվել էր 2018 թ. սեպտեմբերին, երբ Սոչիում Ռուսաստանի ու Թուրքիայի միջեւ հրադադարի պայմանավորվածություն ձեռք բերվեց, եւ շրջանում ստեղծվեց ռազմական գործողություններից զերծ գոտի: Այս պայմանավորվածությունների շրջանակներում Թուրքիային վերապահված էր ընդդիմադիր խմբավորումների հետ բանակցելու եւ նրանց գործողութունները վերահսկելու գործառույթը, որը փաստացի անցած ավելի քան մեկ ու կես տարվա ընթացքում Թուրքիան փորձում էր իրականացնել: Եվ կառավարական ուժերը, այլեւս չսպասելով Թուրքիայի տարաբնույթ, անհիմն պատճառաբանություններին՝ սեփական անկարողության վերաբերյալ, անցան հստակ գործողությունների: Ներկայում կառավարական ուժերն ազատագրել են Իդլիբի կեսից ավելին, երկու հանգուցային քաղաք, որը հնարավորություն է ընձեռել 2012-ից ի վեր վերահսկողություն սահմանել Ն-4 եւ Ն-5 մայրուղիների վրա, որոնք հնարավորություն են ստեղծում երկրի արեւելքը կապել արեւմուտքին եւ հյուսիսը՝ հարավին: Այսինքն, այս կարեւոր մայրուղիների վրա արդեն իսկ կառավարական ուժերը հաստատել են վերահսկողություն: Եվ ինչն է հետաքրքիր, որ այս գործողությունների ընթացքում ուղղակի բախումներ տեղ գտան թուրքական զինված ուժերի եւ սիրիական բանակի միջեւ, որը հանգեցրեց որոշակի լարվածության Մոսկվա-Անկարա հարաբերություններում»»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: