շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հայաստանի և Վրաստանի միջև քաղաքական երկխոսությունը շատ բարձր մակարդակի վրա է. Միրզոյան

Հայաստանի և Վրաստանի միջև քաղաքական երկխոսությունը շատ բարձր մակարդակի վրա է. Միրզոյան

Հայաստանի և Վրաստանի միջև քաղաքական երկխոսությունը շատ բարձր մակարդակի վրա է, բոլոր հարցերը քննարկվում են անկեղծորեն և կառուցողական հունով: Ազգային ժողովում այս հայտարարությունն արեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը` պատասխանելով պատգամավոր Շիրակ Թորոսյանի հարցին, որը վերաբերում էր 2023 թվականի մայիսին վրացական հանրության շրջանում հայատյացության դրսևորման դեպքերին։

«Ժամանակ առ ժամանակ այդպիսի բաներ լինում են։ Բայց երկու երկրների իշխանությունների պարտականությունն է հնարավոր ամեն բան անել, որպեսզի նման դրսևորումներ չլինեն, իսկ եթե կան, ապա արմատախիլ անել դրանք»,-ասաց Միրզոյանը։
Ինչ վերաբերում է հնարավոր միջադեպերին, ապա նախարարն ընդգծել է, որ Հայաստանում հակավրացական հռետորաբանության դեպքեր չի հիշում։

Ընդ որում, նրա խոսքով, եթե նույնիսկ նման հռետորաբանություն ծագում է հասարակական շրջանակներում, ապա դրանում կարող են շահագրգռված լինել միայն երրորդ երկրները, բայց ոչ Հայաստանը կամ Վրաստանը։
Նա նաև ընդգծեց, որ Երևանը քայլեր է ձեռնարկում Թբիլիսիի հետ հարաբերություններն ավելի խորացնելու ուղղությամբ: Մասնավորապես ընդլայնվում է համագործակցությունը գրեթե բոլոր ոլորտներում, այդ թվում` անխափան բեռնափոխադրումների և քաղաքացիների անարգել տեղաշարժի ապահովման ուղղությամբ։

  • Կիսվել: