կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հայաստանի և Իրաքի նախագահները պայմանավորվել են ակտիվացնել գործարար կապերը երկու երկրների միջև

Հայաստանի և Իրաքի նախագահները պայմանավորվել են ակտիվացնել գործարար կապերը երկու երկրների միջև

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն ու  Իրաքի նախագահ Աբդուլ Լատիֆ Ռաշիդը Բաղդադում հանդիպման ընթացքում քննարկել են հայ-իրաքյան համագործակցության զարգացման լայն օրակարգը, անդրադարձել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցերի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Իրաքի նախագահի հետ հանդիպումից հետո ԶԼՄ-ների համար հայտարարությունների ընթացքում այս մասին ասաց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։ 

«Մասնավորապես, կարևորել ենք Հայաստանի և Իրաքի միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակի պահպանումը, բարձրաստիճան փոխայցելությունների և հանդիպումների շարունակականությունը, երկու երկրների միջև տարբեր ոլորտներում առկա իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը»,- ասաց Խաչատուրյանը: 

Երկու երկրների նախագահները գոհունակությամբ արձանագրել են վերջին տարիներին Հայաստանի և Իրաքի միջև առևտրաշրջանառության աճի տեմպերը՝ կարևորելով առևտրատնտեսական կապերի խորացումը և Հայաստանի ու Իրաքի միջև ներկրվող և արտահանվող ապրանքների դիվերսիֆիկացիան: 

«Պայմանավորվել ենք, որ երկու կողմերի համապատասխան գերատեսչությունները աշխատանքներ կտանեն ակտիվացնելու գործարար կապերն՝ ապահովելու Հայաստանում և Իրաքում անցկացվող տարբեր ոլորտային ցուցահանդեսներին և համաժողովներին երկուստեք ակտիվ մասնակցությունը»,- մանրամասնեց ՀՀ նախագահը: 

Հայ-իրաքյան հարաբերությունների զարգացման տեսանկյունից նախագահներն ընդգծել են Տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի դերը և գոհունակությամբ նշել, որ հանձնաժողովի՝ անցած տարի սեպտեմբերին տեղի ունեցած հերթական նիստի արդյունքներով ստորագրված արձանագրության կետերն արդեն իսկ սկսել են կյանքի կոչվել՝ նոր թափ հաղորդելով երկկողմ համագործակցությանը: 

«Կարևորել ենք Հայաստանի և Իրաքի միջև փոխգործակցության ակտիվացումը էներգետիկայի, գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիաների, մասնավորապես, թվայնացման, էլեկտրոնային կառավարման, տեխնոլոգիական կրթության և այլ հարակից ոլորտներում, ինչպես նաև առողջապահության, կրթության, գիտության, մշակույթի և հումանիտար բնագավառներում՝ արձանագրելով վերոնշյալ ոլորտներում առկա մեծ ներուժը»,-ասաց ՀՀ նախագահը: 

  • Կիսվել: