երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատումն այլընտրանք չունի․ Բայրամով

Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատումն այլընտրանք չունի․ Բայրամով

Բաքուն եւ Երեւանը պետք է սկսեն ադրբեջանա-հայկական սահմանազատման գործընթացն առանց նախապայմանների։ Այս մասին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը մամուլի ասուլիսում, տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

«Սահմանների որոշումը օրակարգի կարեւոր հարցերից է։ Ադրբեջանը եւ Հայաստանը մոտ 30 տարվա ընթացքում՝ անկախության ձեռքբերման պահից, անգամ չեն սկսել սահմանազատումը։ Սա նորմալ չէ»,- ասել է Բայրամովը։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը լիակատար վերահսկողության տակ է վերցրել Հայաստանի հետ ամբողջ սահմանը։ «Նոր իրավիճակը, նոր իրողությունները հնարավորություն են ստեղծել սահմանի քաղաքակիրթ որոշման համար, եւ Ադրբեջանը քանիցս այդ անելու կոչ է արել։ Սոչիում առաջնորդների նոյեմբերի 26-ի հանդիպման արդյունքների մասին փաստաթղթում առաջին անգամ արտացոլվել է եռակողմ ձեւաչափով այդ գործընթացն սկսելու անհրաժեշտությունը։ Ցանկանում եմ նշել, որ նման նախաձեռնություն, որը թեկուզեւ չի արտահայտվել պաշտոնական փաստաթղթում եռակողմ հայտարարությունների ձեւաչափով, հնչեցվել է դեռեւս այս տարվա մայիսին, եւ ադրբեջանական կողմը պատասխանել է փոխըմբռնմամբ, համաձայնություն տվել ստեղծելու աշխատանքային խումբ։ Բայց Հայաստանն այն ժամանակ որոշ նախաձեռնություններ առաջ քաշեց, որոնք անընդունելի էին Ադրբեջանի համար»,- նշել է նախարարը։

ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ Ադրբեջանը պատրաստ է սկսել սահմանազատումը Հայաստանի հետ. «Կարծում ենք, որ հակառակ կողմը գիտակցում է դրա անխուսափելիությունը, որ սույն գործընթացը համապատասխանում է միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, որ սահմանազատումն այլընտրանք չունի։ Կարծում ենք՝ առաջիկայում մենք դրական մեսիջ կստանանք»։ 

  • Կիսվել: