ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հայաստանի և Ադրբեջանի միջև հատվածական սահմանազատման փոխարեն պետք է համապարփակ գործընթաց սկսել․ ընդդիմություն

Հայաստանի և Ադրբեջանի միջև հատվածական սահմանազատման փոխարեն պետք է համապարփակ գործընթաց սկսել․ ընդդիմություն

Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը դեմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև հատվածական սահմանազատման գործընթաց սկսելուն, փոխարենն առաջարկում է համապարփակ գործընթացի սկիզբ դնել՝ ունենալով հիմքեր, հստակեցված քարտեզներ:  

Խմբակցության պատգամավորներն այս մասին ասացին խորհրդարանական ճեպազրույցում:

Աննա Գրիգորյանն իշխանությանը մեղադրեց միակողմանի զիջման գնալու մտադրության մեջ: «Պետք է լինի ընդհանուր գործընթաց, ոչ թե պարզապես միակողմանի զիջում՝ ինչ-որ ակնկալիքներով»,-նշեց նա:

Նա իշխանությանը մեղադրեց զիջումների մեջ՝ նշելով, որ չկա որևէ հիմք, չկա պայմանավորվածություն քարտեզների մասով:  

«Մեր առաջարկը հետևյալն է՝ պետք է համապարփակ գործընթաց լինի: Պետք է հիմքերը, քարտեզները հստակեցվեն, նոր խոսենք բանակցությունների, քննարկումների մասին: Առանց հստակեցումների տարածքների զիջումը Հայաստանի համար բերելու է նոր անվտանգային ռիսկերի: Մեր առաջարկը համապարփակ գործընթացի սկիզբ դնելն է՝ սկզբունքների և քարտեզների մասով հստակեցումներով»,–ասաց Գրիգորյանը:

Արթուր Խաչատրյանն էլ հավելեց. «Ինչո՞ւ է դա տեղի ունենում հատվածական, այլ ոչ թե համապարփակ: Այսինքն՝ ամբողջ սահմանի երկայնքով պետք է լինի սահմանազատում, հետո նոր սահմանագծում, հետո՝ զինված ուժերի վերատեղակայում նոր սահմանների երկայնքով: Այս մարդիկ գնում են հատվածական եղանակով»,-ասաց նա՝ իշխանությանը մեղադրելով զիջումների մեջ:

  • Կիսվել: