երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
«Հայաստան» խմբակցության պատգամավորները պատրաստ են անձնական երաշխավորությամբ հանդես գալ. Առուշանյանի պաշտպան

«Հայաստան» խմբակցության պատգամավորները պատրաստ են անձնական երաշխավորությամբ հանդես գալ. Առուշանյանի պաշտպան

Նախորդ դատական նիստի ժամանակ քննարկվել է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ տեսակցությունների եւ հեռախոսազանգերի սահմանափակման իրավաչափության հարցը. մենք համապատասխան միջնորդություն ենք ներկայացրել, որպեսզի այդ սահմանափակումները ամբողջությամբ կամ գոնե մասնակի վերացվի: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 5-ին, Գորիսում առաջին ատյանի դատարանի շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:

Նա նշեց, որ նախորդ նիստին իրենք իրենց դիրքորոշումը ներկայացրել էին. «Դատախազն իր դիրքորոշումը չէր ներկայացրել: Այսօր առավոտյան դատախազն իր դիրքորոշումը հայտնել է եւ դատավորը դրա վերաբերյալ պետք է որոշում կայացնի:

Դրանից հետո արդեն մտնելու ենք բուն դատաքննության փուլ: Մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը ընթերցելուց հետո որոշելու ենք ապացույցների հետազոտման հաջորդականության կարգը:

Որոշակի ապացույցներ հետազոտելուց հետո պաշտպանության կողմը պատրաստվում է ներկայացնել միջնորդություն խափանման միջոց ընտրված կալանավորումը ավելի մեղմ տեսակի խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:  Խոսքը թե գրավի, թե անձնական երաշխավորության մասին է»,-ասաց նա:

Պաշտպանը տեղեկացրեց, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներն են այսօր եկել Գորիս, եւ իրենց պատրաստակամությունն են հայտնում անձնական երաշխավորության խափանման միջոցի շրջանակներում իրենց անձնական երաշխավորությունը սահմանել Առուշ Առուշանյանի պատշաճ վարքագծի համար:

«Շատ դրական ենք տրամադրված: Պարոն Առուշանյանի համար նոյեմբերի 5-ը հաղթանակած օր է: Հույս ունենք, որ դատարանը կգտնվի իր բարձրունքում եւ խափանման միջոցի հարցի քննարկման շրջանակներում կդրսեւորի բացարձակ օբյեկտիվություն եւ կիրականացնի արդարադատություն»,-ասաց Ալեքսանյանը:

  • Կիսվել: