շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
«Հայաստան» դաշինքը դարձել է խորհրդարանական ընդդիմություն եւ կարող է սահմանափակել իշխանությունների ամենաթողությունը. Քոչարյան

«Հայաստան» դաշինքը դարձել է խորհրդարանական ընդդիմություն եւ կարող է սահմանափակել իշխանությունների ամենաթողությունը. Քոչարյան

Եթե ​​ հաղթանակ տաներ որեւէ այլ կուսակցություն, որը կապված չէ պատերազմում պարտության հետ, ապա կհամարեի, որ ճգնաժամը հաղթահարված է: Այս մասին այսօր ՛՛Հայաստան՛՛ դաշինքի առաջին ընդհանուր ժողովի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Նա հավելեց. ՛՛Սակայն նման արդյունքը նշանակում է, որ մենք չենք ստանա հարցերի պատասխաններ 5000 զոհերի մասին, այն մասին, թե ինչպես ենք կորցրել Հադրութն ու Շուշին: Հանրության մեջ լուրջ կասկածներ կմնան Ղարաբաղի դիմաց 5 միլիարդի գործարքի շուրջ:

Այս հարցերի պատասխանների բացակայության պայմաններում անհնար է խոսել հասարակության մեջ վստահության եւ համերաշխության մթնոլորտի մասին: Ի՞նչ խնդիր են լուծել այս ընտրությունները:

Սովորաբար արտահերթ ընտրություններն անցկացվում են ճգնաժամերը հաղթահարելու համար: Մեր դեպքում այն առաջ բերվեց տարածքային եւ մարդկային կորուստների պատճառով: Այսինքն՝ ընտրություններին հաջորդած ճգնաժամը չի լուծվել, քանի որ այդ ամենի կազմակերպիչները մնացին իշխանության ղեկին:

Մենք կլինենք այն ուժը, որը կպայքարի այս ճգնաժամը վերջնականապես հաղթահարելու համար: ՛՛Հայաստան՛՛ դաշինքը դարձել է խորհրդարանական ընդդիմություն եւ կարող է սահմանափակել իշխանությունների ամենաթողությունը՛՛:

ՀՀ երկրորդ նախագահի խոսքով՝ ժողովուրդը մեծ տեղեկատվական ճնշման է ենթարկվել, և երբ կարծիք ձևավորողների այդ բանական ինստիտուտը փլուզվում է, տեղեկատվական ճնշումը շատ ավելի ուժգին է դառնում:

՛՛Մեր շտաբերի աշխատողները ինձ ասում էին հետևյալը, որ կան բազմաթիվ մարդիկ, որ համարում են՝ վարչապետին ուղղակի պարտադրել են նախկինները ստորագրել նոյեմբերի 9-ի նվաստացուցիչ հայտարարությունը, մարդկանց այդպիսի բացատրություն են տալիս վարչապետին արդարացնելու համար, և կան զանգվածներ, որոնք հավատում են սրան՛՛,-ասաց նա:

Քոչարյանն ասաց նաեւ. ՛՛Իմ կանխատեսումներն են, որ մենք արտահերթ ընտրություններ ենք ունենալու 1,5 տարի հետո, և հասունանալու է նոր ընտրությունների պահանջարկը՛՛:

Նա ներկայացրեց, թե ինչ է պատրաստվում անել «Հայաստան» դաշինքը և ընդգծեց, որ հանգիստ չեն թողնելու այն իշխանությանը, որը պատճառ դարձավ մեր պարտության, զոհերի, Շուշիի և Հադրութի կորստին:

՛՛Մենք ցույց ենք տալու, թե ով է մեղավոր, և ինչպես է այս արհավիրքը կախվել մեր երկրի գլխին՛՛,- ասաց Ռոբերտ Քոչարյանը:

 

 

  • Կիսվել: