երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայ-թուրքական հարաբերություններում վերջնանպատակն իրականացված չէ, բայց եղել են ինտենսիվ իրադարձություններ. Միրզոյան

Հայ-թուրքական հարաբերություններում վերջնանպատակն իրականացված չէ, բայց եղել են ինտենսիվ իրադարձություններ. Միրզոյան

Թեեւ վերջնանպատակն իրականացված չէ՝ սահմանի ամբողջական բացում եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատում, այնուամենայնիվ, եղել են  շատ ինտենսիվ իրադարձություններ: Այս մասին, այսօր՝ մարտի 15-ին, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ նշեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին:

«Նախ, հունվարի 6-ին թուրքական կողմը տեղեկացրել է, որ վերացվել են երկու երկրների միջև ուղիղ օդային բեռնափոխադրումներ կատարելու համար նախկինում առկա արգելքները:

Այնուհետեւ Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո 2023 թվականի փետրվարի 8-ին Հայաստանն արձագանքեց, մենք ուղարկեցինք փրկարարական ջոկատ, հումանիտար օգնություն: Մեր ջոկատը գործուղվեց Թուրքիայի Ադըյաման քաղաք: Շատ խորհրդանշական էր, որ հումանիտար օգնությունը՝ 7 բեռնատարներով Մարգարայի կամրջով հատեցին հայ-թուրքական սահմանը և ուղևորվեցին աղետի գոտի։

Ինքս նույն առիթով այցելեցի Թուրքիա, Անկարա, տեղի ունեցավ ՀՀ-ի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների առանձնազրույց, ապա ընդլայնված կազմով հանդիպում: Գնացի նաեւ Ադըյաման, որտեղ հանդիպեցի մեր որոնողափրկարարական թիմին»,-ասաց Արարատ Միրզոյանը:

Նա նկատեց, որ իր այցի ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել մասնակիորեն բացել հայ-թուրքական սահմանը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար, նաեւ դիվանագիտական անձնագիր ունեցողների համար: «Ցավոք, այս մասնակի բացումը մինչ օրս իրականացված չի: Նաեւ պայմանավորվածություն ձեռք բերեցինք Անիի կամրջի համատեղ վերանորոգման մասին»:

Արարատ Միրզոյանը կարեւորեց առնչությունները նաեւ թուրք հասարակության հետ. «Հաճախ թուրքական հասարակությունում Հայաստանի եւ Հայաստանի որդեգրած քաղաքականության մասին պատկերացումները ամենեւին չեն համապատասխանում իրականությանը: Կարեւոր է մեր դիրքորոշումները, ընկալումները ներկայացնել եւ թուրք գործընկերներին, եւ թուրք հասարակությանը»:

  • Կիսվել: