շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Հայ դատի Կենտրոնական Խորհուրդը դատապարտում է Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության նկատմամբ թուրքական իշխանությունների հետապնդումները

Հայ դատի Կենտրոնական Խորհուրդը դատապարտում է Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության նկատմամբ թուրքական իշխանությունների հետապնդումները

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Հայ դատի Կենտրոնական Խորհուրդը դատապարտում է Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) նկատմամբ թուրքական իշխանությունների հետապնդումները:

Հայտարարությունը՝ ստորև.

«Հայ դատի Կենտրոնական Խորհուրդը դատապարտում է Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) նկատմամբ թուրքական իշխանությունների հետապնդումները:

Թուրքիան, չնայած միջազգային դատապարտումներին,  ընդդիմադիր օրենսդիրների նկատմամբ իրականացնում է քրեական հետապնդում:

Այսօր Թուրքիայում մեկնարկել է թվով 108 քաղաքական գործիչների դատավարություն: Նրանց մեղսագրվում են 29 տարբեր քրեական մեղադրանքներ, այդ թվում՝ սպանության փորձ, ահաբեկչության քարոզչություն տարածելը եւ թուրքական պետության դեմ բռնություն հրահրելը: Մեղադրող կողմը պահանջում է ընդհանուր առմամբ 19,680 տարվա բանտարկություն, մեղադրյալներից 38-ի համար՝ ցմահ ազատազրկում:

Մենք անհանգստությամբ ենք հետեւում Թուրքիայում ընթացող վերջին զարգացումներին, որոնք վերաբերում են ընտրված քաղաքական գործիչների նկատմամբ համակարգային բռնաճնշումներին եւ HDP-ի դեմ քաղաքական դրդապատճառներով գործերին:

Թուրքիայի գլխավոր դատախազը կարգադրել է ձերբակալել 108 անձանց, այդ թվում` HDP-ի առաջատար ներկայացուցիչներին: 2014-ի հոկտեմբերին HDP-ն կոչ էր անում աջակցել Քոբանիի համար ժողովրդական օրինական բողոքներին: Հիմա, տարիներ անց, նրանք մեղադրվում են բողոքների ընթացքում բռնությունների համար, եւ, ելնելով դրանից՝ ահաբեկչության մեջ: Այդ ժամանակ մարդիկ ամենուր բողոքում էին ընդդեմ Քոբանի քաղաքի վրա «Իսլամական պետության» հարձակման եւ վերջինիս՝ թուրքական ռեժիմի կողմից շարունակական աջակցության: Տարիներ շարունակ HDP-ն կոչ է անում խորհրդարանական հետաքննություն անցկացնել` լույս սփռելու համար, թե ինչն է հանգեցրել բռնություններին, բայց նախագահ Էրդողանի իշխող կուսակցությունը մշտապես մերժում է այդ առաջարկը:

 

Մենք վճռականորեն դեմ ենք օրենքի գերակայության հանդեպ այս բռնությանը: Ժողովրդավարական կարգերում անընդունելի չէ ընտրված պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկել այնպիսի իրադարձությունների համար, որոնց հետաքննությունն ակտիվորեն խոչընդոտվում է:

Մենք մեր համերաշխությունն ենք հայտնում HDP-ին, քանի որ վերջինս դիմագրավում է համակարգված բռնաճնշման։ Ավելին, մենք պնդում ենք, որ ի աջակցություն Քոբանիի բողոքի ակցիաները չեն կարող քրեականացվել: Աշխարհում միլիոնավոր մարդիկ բարոյական հիմքերով դեմ են «Իսլամական պետությանը», իսկ մենք դեմ ենք Քոբանիի շուրջ բողոքը քրեականացնելու Էրդողանի քաղաքականությանը: Ինչպես հայտարարել է HDP-ի նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը. «Այն, ինչն իրականում կործանում է Էրդողանին, ոչ թե դաժանորեն սպանված մեր ժողովուրդն է, այլ «Իսլամական պետության» պարտությունը Քոբանիում»։

HDP-ն Թուրքիայի Խորհրդարանում միակ կուսակցությունն է, որը Հայոց ցեղասպանության ճանաչման կոչ է անում»։

  • Կիսվել: