ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հարթեցված կոնֆլիկտը իմ աշխատասենյակում հրահրել է Ալեն Սիմոնյանը. Սեյրան Օհանյանը միջապետից մանրամասներ է հայտնում

Հարթեցված կոնֆլիկտը իմ աշխատասենյակում հրահրել է Ալեն Սիմոնյանը. Սեյրան Օհանյանը միջապետից մանրամասներ է հայտնում

Բարձր տոնով խոսակցությունը, ձեռքը սեղանին խփելը առաջին հերթին ՔՊ-ական պատգամավորի կողմից է եղել, այնուհետեւ տեղի է ունեցել կոնֆլիկտը, ինչը հարթվել է, սակայն ոստիկանությունը եւ ԱԺ ղեկավարությունը նորից հրահրել է: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով այսօր ԱԺ-ում պետաիրավական հանձնաժողովի նիստին ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի եւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանին միջեւ եղած կոնֆլիկտին:

«Այդ կոնֆլիկտից հետո իրավիճակը հարթեցվել էր: Ոստիկանությունը եկավ, ներկայացավ իմ սենյակ, ասելով, որ Մհեր Սահակյանին ուզում են հարցաքննել եւ իրավական ընթացք տան այդ գործընթացին: Եթե նման որոշում է ընդունվել, պետք է լինի երկուստեք, որովհետեւ իմ իմացությամբ նշված միջադեպի հրահրումը տեղի է ունեցել Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի կողմից: Չի կարող պատահել, որ Մհեր Սահակյանը հենց այնպես որոշի վեր կենալ եւ կոնֆլիկտ հրահրի: Ոստիկանության հետ արդեն պայմանավորվել էինք, հրավիրեցինք Մհեր Սահակյանին, որպեսզի ինքը գնա Ոստիկանության Արաբկիրի բաժին: Այդ պահին ներս մտավ Ալեն Սիմոնյանը, եւ իր գործողություններով այդ ներքին խառնաշփոթ կազմակերպեց:

Դեպքի պահին այստեղ չեմ եղել, երբ եկա Արծվիկ Մինասյանի հետ զրուցում էինք, եւ ես հանգստացրի ու հարթեցրինք, եւ կարող էր այդ իրավական գործընթացը շատ հանգիստ տեղի ունենալ: Ալեն Սիմոնյանի ներկայությունից օգտվելով, ոստիկանության ներկայացուցիչները, փոխոստիկանապետը սկսեցին Մհեր Սահակյանին բրդբրդել, ինչի իրավունքը չունեին, մեծ խառնաշփոթ կազմակերպեցին իմ աշխատասենյակում եւ միջանցքում, ինչն անընդունելի է»,- պատմեց Օհանյանը:

Լրագրողի այն դիտարկմանը, որ սահմանային լարվածությունը արդյո՞ք իշխանականները այդ միջադեպով չեն փորձում ստվերել, Սեյրան Օհանյանն արձագանքեց. «Կարելի է ենթադրել, որ նման պահերին նրանք մշտապես ինչ-որ նոր հնարքներ են մտածել մեր հանրության ուշադրությունը շեղելու համար: Կարող է կոնֆիլկտ լինել, աշխարհի բոլոր խորհրդարաններում էլ լինում են կոնֆիլկտներ, բախումներ պատգամավորների միջեւ»:

Սեյրան Օհանյանի խոսքով՝ Ոստիկանության գործողությունների մեջ իրավունքի պաշտպանություն պետք է լինի. «Երբ Վահագն Ալեքսանյանը նիստերի դահլիճում առաջ գալով հարվածեց Վահե Հակոբյանին, այդ ժամանակ ոստիկանական զորքերը լցվեցին եւ Վահագն Ալեքսանյանին ձերբակալեցի՞ն, իհարկե՝ ոչ: Այս իշխանությունների օրոք կողմնակալ մոտեցում է նաեւ ոստիկանանական գործողություններին»:

InfoPort.am-ի տեղեկություններով իշխանական Վարդանյանին ծեծած ընդդիմադիր վարորդ-պատգամավոր Սահակյանը միջադեպից հետո թաքնվել է ԱԺ կանանց զուգարանում։
 
InfoPօrt.am-ին նաև հայտնի է դարձել ծեծկռտուքի պատճառը։ Մասնավորապես, երբ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը սկսել է խոսել ՀՀ ՍԴ կողմից սահմանադրական ճանաչված Հռոմի ստատուտի մասին, դաշնակցական Մհեր Սահակյանը նրան հարցրել է, թե ինչ կարծիք ունի Ռուսաստանի առարկություններին այդ հարցի շուրջ։ Վլադիմիր Վարդանյանն էլ նրան ասել է, որ լռի ու լսի, թե ինչ կարծիք ունի, որից էլ սկսել է քաշքշուկը ու հարվածները։

  • Կիսվել: