ՀԱՊԿ-ում մեր աշխատանքները ակտիվացնելու որևէ հանգամանք կամ պատճառ չենք տեսնում. Սարգիս Խանդանյան
ՀԱՊԿ-ում աշխատանքների հետ կապված ոչինչ չի փոխվել, Հայաստանը արդեն մի քանի տարի է սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին և, ըստ էության, հետդարձի ճանապարհ մենք չենք տեսնում։ Այս մասին ԱԺ-ում հայտարարել է ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանն՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինի հայտարությանը, թե ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ին։
«Մենք կհետևենք իրադարձություններին ու ի գիտություն կընդունենք ՀԱՊԿ-ի մեր գործընկերների կողմից կայացված որոշումները։ Ես չեմ կարծում, որ կա որևէ հանգամանք կամ պատճառ ակտիվացնել մեր մասնակցությունը կազմակերպությունում։
Դուք գիտեք, թե որոնք են այն խնդիրները, որ բերել է Հայաստանի կողմից անդամակցության սառեցմանը, այդ խնդիրները, ըստ էության, մինչև օրս չեն փոխվել։ Մենք չենք տեսել անգամ քաղաքական որևէ հայտարարություն, որը կդատապարտեր 2022-23 թթ -ին տեղի ունեցածը ՀՀ ինքնիշխան տարածքների նկատմամբ»։



