ՀԱՊԿ ԽՎ-ն նախատեսում է ստեղծել գործընկեր պետությունների ինստիտուտ. Վոլոդին
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Խորհրդարանական վեհաժողովը նախատեսում է ստեղծել գործընկեր պետությունների ինստիտուտ: Այս պետությունները ՀԱՊԿ ԽՎ-ում կունենան խորհրդատվական ձայնի իրավունք: Այս մասին այսօր կազմակերպության խորհրդի նիստի ժամանակ ասել է ՀԱՊԿ ԽՎ նախագահ, Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը, տեղեկացնում է eadaily.com-ը:
Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Առաջարկվում է դիտարկել ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի համար գործընկերության նոր ինստիտուտ ստեղծելու հարցը: Նրանք կստանան խորհրդատվական ձայնի, փաստաթղթերի նախապատրաստման և կոլեկտիվ որոշումների մշակման մասնակցության իրավունք՛՛:
Վոլոդինը հավելել է, որ մի շարք պետություններ հետաքրքրություն են ցուցաբերում ՀԱՊԿ ԽՎ շրջանակներում համագործակցության նկատմամբ : ՛՛Այս առումով, ՀԱՊԿ-ում դիտորդների և գործընկերների կարգավիճակի տրամադրումը լրացուցիչ հնարավորություններ է տալիս խթանելու միջխորհրդարանական փոխգործակցությունը երկրների և միջազգային կազմակերպությունների հետ, որոնք աշխատանքում կիսում են մեր սկզբունքները՛՛,-նշել է նա:
Հայտնի է, որ ներկայումս ՀԱՊԿ ԽՎ-ում, բացի ռազմական բլոկի անդամներից (Ռուսաստան, Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան և Տաջիկստան), կան միայն դիտորդ երկրներ (Աֆղանստան, Սերբիա):
Նշենք, որ ավելի վաղ ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը ևս նշել էր, որ նոր ֆորմատով հետաքրքրված են մի շարք երկրներ, սակայն տվել էր միայն Ադրբեջանի և Պակիստանի անունը:
՛՛Որպես կանոն, ընդունված չէ խոսել այդ մասին: Օրինակ՝ նույն Պակիստանը վաղուց էր ցանկանում լինել և՛ դիտորդ, և՛ այժմ, գուցե, գործընկեր (ԽՎ ՀԱՊԿ)՛՛,-նշել էր նա: