ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՀԱՊԿ-ի ոչ պատշաճ արձագանքը որոշակի հիասթափություն է առաջացրել առաջին հերթին Հայաստանի ժողովրդի շրջանում․ Նիկոլ Փաշինյան

ՀԱՊԿ-ի ոչ պատշաճ արձագանքը որոշակի հիասթափություն է առաջացրել առաջին հերթին Հայաստանի ժողովրդի շրջանում․ Նիկոլ Փաշինյան

Ըստ էության, մենք այսօր գտնվում ենք մի իրավիճակում, երբ որոշակի հիասթափություն կա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործունեության վերաբերյալ, որովհետև ՀԱՊԿ-ն այն հիմնական մեխանիզմն է, որով Հայաստանի Հանրապետությունը պիտի ապահովեր իր անվտանգությունը: Այս մասին CNN primanews հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Բայց 2021 թվականի մայիսին և նոյեմբերին և 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի ձեռնարկած ագրեսիաների ընթացքում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ոչ պատշաճ արձագանքը որոշակի հիասթափություն է առաջացրել առաջին հերթին Հայաստանի ժողովրդի շրջանում, որովհետև որոշակի վստահություն կար, որ Հավաքական անվտանգության պայմանագիրը հուսալի մեխանիզմ է անվտանգության ապահովման»,- ասել է նա:

Ըստ նրա՝ բայց դա տեղի չունեցավ. «Եվ նաև սա էր պատճառը, որ մենք ՀԱՊԿ-ի երևանյան գագաթնաժողովի ընթացքում հնարավոր չհամարեցինք կոնսենսուսի հաստատումը մի շարք հիմնարար փաստաթղթերի վերաբերյալ: Բայց ես ուզում եմ, որ մենք հարցը դիտարկենք նաև հակառակ կողմից, որովհետև դա վնասակար է նաև կազմակերպության համար, որովհետև, ըստ էության, այն ինչ տեղի ունեցավ իմ նշած ժամանակաշրջանում Հայաստանի հետ, դա առաջին հերթին հարվածում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հեղինակությանը: Այսինքն, սա նաև հենց իր՝ կազմակերպության համար որոշակի հետևանքներ կունենա»:

  • Կիսվել: