երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Հանձնակատարները միանշանակ նշանակովի են լինելու. Զարեհ Սինանյան

Հանձնակատարները միանշանակ նշանակովի են լինելու. Զարեհ Սինանյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ներկայացրեց Կառավարության ներկայացրած ««Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ մասին հարցը:

«Օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ Կառավարության 2021 թ. օգոստոսի 18-ի հնգամյա ծրագրի 1.4-րդ բաժնի պահանջներով՝ սփյուռքի հետ կապերով, ըստ որի սահմանվել է սփյուռքի գործերի հանձնակատարի ինստիտուտ: Նախատեսվում է ընդլայնել սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ցանցային կարողությունը սփյուռքի գործերի հանձնակատարի ինստիտուտի ներդրման միջոցով: Դրա նպատակն է զարգացնել ՀՀ-սփյուռք գործակցությունը, բարձրացնել այդ բնագավառում կատարվող աշխատանքների արդյունավետությունը, ապահովել հայ համայնքների միջև կայուն հարաբերությունները և համայնքի ներուժի նպատակային ներգրավումը, ինչպես նաև աջակցել հայ ինքնության պահպանմանը, հայրենադարձությանն ու Հայաստանում սփյուռքահայերի ինտեգրմանն ուղղված միջոցառումների կազմակերպմանը»,- ասաց նա: 

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը հետաքրքվեց, թե արդյոք Սինանյանը հնարավոր համարո՞ւմ է հանձնակատարի ընտրովի լինելը՝ սփյուռքի կառույցների ներգրավմամբ: 
 
«Միանշանակ հանձնակատարները նշանակովի են լինելու, որովհետև նախ՝ հանձնակատարները չեն նշանակվելու Երևանից. նրանք լինելու են համայնքներից. դա նշանակում է, որ ընտրություն կազմակերպել տեղում՝ համայնքներում, պրակտիկորեն անհնար է իրագործել: Երկրորդ պատճառն այն է, որ հանձնակատարները պետք է տեղում իրագործեն ՀՀ և սփյուռքի հանձնակատարի քաղաքականությունը, հետևաբար տեղում ընտրված լինելու մեխանիզմը ավելի ներկայացուցչական է:
 
Սերգեյ Բագրատյանը նաև հարցրեց Հայաստանի ընտրություններում սփյուռքի ներգրավման հնարավորության մասին:
 
Զարեհ Սինանյանը նշեց, որ հարցին միանշանակ պատասխան չկա: «Մենք էլ քննարկում ենք տարբերակներ, թե ինչպես կարելի է սփյուռքն ավելի ներկայացված դարձնել ՀՀ-ում. դժվար է պատկերացնել, թե որ համայնքում ինչպես պետք է ընտրությունն անցնի. մտածում ենք սրա մասին, սրա մասին հանրայնորեն խոսվել է համարյա քաղաքական բոլոր շրջանակների կողմից, որ ինչ-որ մարմին պետք է ստեղծվի, որ կկարողանա ներկայացնել սփյուռքը Հայաստանում: Մինչ քովիդ-19-ի համավարակը և պատերազմը նպատակ կար համաժողով հրավիրել սփյուռքից, մի քանի ընտրություն մեզ առաջարկեին, և կոնսենսուսի հասնեինք՝ ինչպես կարելի է նման ընտրությունների միջոցով ստեղծել ներկայացուցչական մարմին Հայաստանում, որը կունենա խորհրդատվական և ոչ օրենսդիր ֆունկցիա»,- նշեց Զարեհ Սինանյանը:

  • Կիսվել: