երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Համոզված եմ, որ այս փորձությունից ևս մենք դուրս կգանք պատվով և արժանապատվությամբ. Վլադիմիր Վարդանյան

Համոզված եմ, որ այս փորձությունից ևս մենք դուրս կգանք պատվով և արժանապատվությամբ. Վլադիմիր Վարդանյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանը գրել է.

«Սիրելի Քաղաքացիներ, սիրելի Հայ ժողովուրդ,

32 տարի առաջ այս օրը Համաժողովրդական հանրաքվեի արդյունքում Հայ ժողովուրդը հռչակեց իր անկախությունը՝ վերականգնելով դարեր առաջ կորսված պետականությունը, որպես ուղենիշ ընդունելով սակավակյաց Առաջին Հանրապետությունում ձևավորված ժողովրդավարական կառավարման ավանդույթները:
 
Մենք կատարել ենք այդ ընտրությունը գիտակցված և հանձն ենք առել կառուցել անկախ, ինքնիշխան, իրավական և սոցիալական պետություն բոլորիս և յուրաքանչյուրիս համար:
 
Անկախության եռեսուներկու տարիները եղել են Հայաստանի Հանրապետության կայացման, հաղթանակների և պարտությունների, բազում փորձությունների և աշխարհաքաղաքական լուրջ մարտահրավերների տարիներ: Անցած տասնամյակների ընթացքում են ձևավորվել Հայոց պետականության ինստիտուտները, կերտվել է հայ զինվորի, հրամանատարի, մանկավարժի, շինարարի, սպորտսմենի, բայց, նախևառաջ, ՀՀ քաղաքացու կերպարը:
 
Սիրելի հայրենակիցներ,
 
Պետականությունը զգայուն և նուրբ մատերիա է, որը պետք է փայփայել ամեն օր, ամեն ժամ, հատկապես այսօր, այս փոթորկող աշխարհում, որում, կարծես թե, մոռացության են մատնվել ոչ միայն միջազգային իրավունքի համընդհանուր սկզբունքները, այլև ամենահասարակ և ամենհասկանալի համամարդկային արժեքները: Բայցև այս աշխարհաքաղաքական մարտահրավերներին արդյունավետ դիմակայելու ունակությամբ է որոշվում պետության կենսունակությունը:
 
Երկրի համար ամենածանր պահերին քաղաքացիների զգոնությունը, սառնասրտությունը, համախմբվածությունը, հանդուրժողոկանությունը և կամքն են լինում այն կարևորագույն հենասյուները, որոնք թույլ են տալիս հաղթահարել երկրի առջև ծառացած ամենածանր մարտահրավերները և վեր հառնել ամենավիթխարի փորձություններից` ավելի թրծված և ավելի հզոր:
Հասկանում եմ զգայական առոմով ինչքան դժվար է այս տարի դիմավորել անկախության օրը, կիսում եմ և՜ վիշտը և՜ անհանգստությունները: Մշտապես հպարտացել եմ դժվարին օրերին հայ ժողովրդի կողմից տոկունություն, խոհեմության, ողջախոհություն և միասնություն դրսևորելու աննկարագերլի և, հիրավի, բացառիկ ունակությամբ:
 
Համոզված եմ, որ այս փորձությունից ևս մենք դուրս կգանք պատվով և արժանապատվությամբ:
 
Հստակ գիտակցում եմ, որ Հայոց անկախ պետականության առկայությունը ոսկոռ է դարձել շատերի բերաններում, որոնք փորձելու են բոլոր եղանակներով ոչնչացնել այն ժամանակակից աշխարհաքաղաքական քարտեզից, սակայն համոզված եմ, որ այդ փորձերն ապարդյուն կմնան, քանզի Հայաստանի Հանրապետությունում կայացել է անկախության սերունդը, որը նոր արժեք, ներուժ և բովանդակություն է հաղորդել Հայաստանի Հանրապետության անկախությանը և ինքնիշխանությանը։
Կեցցե՜ Հայաստանը»։

  • Կիսվել: