Համոզված եմ, որ արցախցիները կընտրեն այն քաղաքական ուժերին, որոնք կարող են կանգնեցնել աղետը. ԱՀ ԱԺ նախագահ
Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանը հանդես է եկել հայտարարությամբ Հայաստանի Հանրապետության 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ:
«Հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետության խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու Արցախի բռնազավթումից և Արցախի ժողովրդի բռնի տեղահանումից հետո՝ հայ ժողովրդի համար ճակատագրական ժամանակաշրջանում։ Այս ընտրությունների արդյունքները վճռորոշ նշանակություն կունենան Հայաստանի պետականության, ազգային անվտանգության և Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության համար։
Մտահոգիչ է, որ նախընտրական շրջանում առողջ մրցակցությունը և քաղաքական տեսակետների ու ծրագրերի ազատ ներկայացումը վերածվել են հասարակության պառակտման, ատելության քարոզի և վարչական ռեսուրսների կիրառման գործընթացի՝ ուղեկցվելով քաղաքական հետապնդումներով, ընտրովի արդարադատությամբ և ընդդիմախոսների նկատմամբ ճնշումներով։ Այս ամենից զերծ չեն մնացել նաև արցախցիները, որոնց նկատմամբ ատելության սերմանումն ու պառակտման նկրտումները շարունակվել և ավելի են սաստկացել։
Անընդունելի է ազգային ինքնության, պատմական հիշողության և հոգևոր արժեքների դեմ իրականացվող քաղաքականության քարոզչությունը, ինչպես նաև Արցախի հիմնախնդրի նսեմացումն ու ՀՀ արտաքին քաղաքական օրակարգից դուրս մղելու փորձերը։ Արցախի ժողովուրդը սեփական փորձով կրել է այս քաղաքականության ծանր հետևանքները։
Համոզված եմ, որ ինչպես այս ընտրություններին մասնակցող արցախցիները, այնպես էլ մեր հայրենակիցների ճնշող մեծամասնությունը տարբերում են ճշմարտությունը ստից, կեղծիքից ու աճպարարությունից, մեռելային լռությունը՝ իրական խաղաղությունից, օտարների ու թշնամիների նկատմամբ ծառայամտությունը՝ համագործակցությունից, տգետ արկածախնդրությունը՝ քաղաքականությունից, և հունիսի 7-ին կընտրեն այն քաղաքական ուժերին, որոնք կարող են կանգնեցնել աղետը և Հայաստանի Հանրապետության համար ապահովել իրապես խաղաղ ու արժանապատիվ ապագա:
Այսուհետ ևս բոլոր հնարավոր օրինական միջոցներով հետամուտ ենք լինելու Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությանն ու մեր բնօրրան վերադառնալու, մեր պետականության վերականգնման իղձերի իրականացմանը:
Պատրաստակամ ենք Հայաստանի Հանրապետության նոր իշխանությունների հետ լիակատար համագործակցության՝ հանուն արցախցիների իրավունքների պաշտպանության, մեր ողջ ժողովրդի բարգավաճման ու Հայաստանի Հանրապետության զորացման»,-ասված է հայտարարության մեջ:



