Համագործակցության հուշագիր՝ ԲԸՏՄ-ի և ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի միջև
Մայիսի 5-ին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանի և Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։
Հուշագրի նպատակն է ապահովել անհրաժեշտ համագործակցություն ֆակուլտետի փորձագետների, հետազոտողների, ուսանողների և պետական կառավարման ոլորտում տեսչական մարմնի միջև՝ աջակցելով տեսչական մարմնի գործունեությանը և նպաստելով ուսանողների գործնական հմտությունների ու կարողությունների զարգացմանը:
Համագործակցության շրջանակում ընդգրկված են ուսումնական, արտադրական և նախաավարտական պրակտիկաների անցկացումը, նաև փորձի երկկողմանի փոխանակումը, այդ թվում՝ վերապատրաստումները, հետազոտությունների արդյունքների տրամադրումը, լաբորատոր փորձաքննությունների համատեղ իրականացումը և այլն։
Ֆակուլտետի մասնագիտական ներուժը և տեսչական մարմնի գործունեության ընթացքում կուտակված փորձն ու կարողությունը հիմքեր կստեղծեն գործնական կիրառման արդյունավետության բարձրացման, համակարգը երիտասարդ մասնագետներով համալրման համար։