Հա, աթեիստ եմ, հարցեր կա՞ն․ Արսեն Թորոսյանը՝ տոնական օրերը կրճատելու մասին նախագծի մասին
Ազգային ժողովում մեկնարկել է ութերորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստը։ Քննարկվում է կառավարության հեղինակած նախագիծը, որով առաջարկվում է Ամանորյա տոներին ոչ աշխատանքային օրեր սահմանել միայն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը և 6-ը:
Պատգամավոր Արսեն Թորոսյանի ելույթի ժամանակ վիճաբանություն տեղի ունեցած «Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ։
«Ժամանակին ու բազմաթիվ անգամներ, երբ որ եղել եմ սովորական բժշկական կենտրոնի տնօրեն ու զարմացել եմ՝ ո՞նց կարող ենք մենք հանգստանալ, երբ լիքը հիվանդ կա սպասող: Հետո, որպես նախարար, երբ որ ոլորտը ծանրաբեռնվում էր միայն հերթապահ բժիշկների հաշվին ու մյուսները հանգստանում էին», - Ազգային ժողովում հայտարարեց նա:
Թորոսյանն ընդգծեց՝ իր համար անհասկանալի է, որ նման պարզ, տարրական, քաղաքակիրթ աշխարհին նմանվելու միտում ունեցող օրենքներում շատ էժան շահարկումներ են արվում:
«Սկսում ենք քրիստոնեական արժեքների հետ կապել, ավանդույթների և այլն», - նշեց Թորոսյանը, իսկ նրա այս հայտարարությանը տեղից ռեպլիկ թողեց ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Նազարյանը:
«Հա, աթեիստ եմ, հարցեր կա՞ն», - արձագանքեց Թորոսյանը՝ նշելով, որ, ի տարբերություն շատերի, չի թաքցնում իր կրոնական պատկանելիությունը կամ չպատկանելիությունը:
Նա ասաց, թե պետք է աշխատանքի խրախուսումով զբաղվել, ոչ թե ծուլության:
Հիշեցնենք՝ Ազգային ժողովում քննարկվում է կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ամանորյա տոներին ոչ աշխատանքային սահմանել միայն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը և 6-ը:
Կառավարությունում կարծում են, որ օրենքի ընդունումը կապահովվի սոցիալ-տնտեսական և ֆինանսական համակարգերի բնականոն գործունեությունը, ինչը դրական ազդեցություն կունենա առևտրի, արդյունաբերության, ծառայությունների թողարկման ծավալի և այլ բնագավառների վրա։