ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Գործընթացը պետք է շարունակական լինի. Դավիթ Բաբայանը՝ Մանվել Սարիբեկյանի գործով ՄԻԵԴ վճռի մասին

Գործընթացը պետք է շարունակական լինի. Դավիթ Բաբայանը՝ Մանվել Սարիբեկյանի գործով ՄԻԵԴ վճռի մասին

Արցախի նախագահի խորհրդական, արցախյան ընտրություններին որպես թեկնածու մասնակցության հայտ ներկայացրած Արցախի պահպանողական կուսակցության նախագահ Դավիթ Բաբայանը ողջունում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը՝ «Մանվել Սարիբեկյանի ծնողներնն ընդդեմ Ադրբեջանի գործով»:

«ՄԻԵԴ-ում այս գործով վճիռը Հայաստանի հաջողություններից է, որը շատ ենք կարևորում: Պետք է այնպես անենք, որ այս հաջողությունը շարունակություն ունենա նաև մյուս գործերով: Պետք է այնպես անենք, որ սրանով չեզրափակվենք», - InfoPort.am-ի թղթակցի հետ զրույցում կարծիք հայտնեց Բաբայանը:

Հարցին, թե ի՞նչ է կարծում արդյոք ՄԻԵԴ այս վճիռը կարող է նախադեպ լինել Կարեն Ղազարյանի, Արսեն Խոջոյանի գործերով, Բաբայանը արձագանքեց.

«Պետք է աշխատենք այդ ուղղությամբ: Այստեղ ցանկությունների խնդիր չէ: Հասկանալի է, որ այս գործընթացը քրտնաջան աշխատանք է պահանջում բոլոր հարթություններում՝ դիվանագիտական, քաղաքական, տեղեկատվական»:

Հիշեցնենք՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հունվարի 30-ին բավարարել էր Ադրբեջանում գրեթե 10 տարի առաջ մահացած Հայաստանի քաղաքացի Մանվել Սարիբեկյանի ծնողների բողոքն ընդդեմ Ադրբեջանի և պարտավորեցրել այդ երկրին Սարիբեկյանների ընտանիքին վճարել 60.000 եվրո: Սարիբեկյանի ծնողներն Ադրբեջանից պահանջել էին 120.000 եվրո։ Այս բողոքում Հայաստանի կառավարությունը ճանաչվել է որպես երրորդ կողմ։

Նկատենք, որ ՄԻԵԴ-ը իր այս վճռով ճանաչել է Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների կոպտագույն խախտումները՝ մասնավորապես ընդգծելով կյանքի իրավունքի խախտման փաստը։ 20-ամյա Մանվել Սարբեկյանը Ադրբեջանում ձերբակալվել էր 2010-ի սեպտեմբերին։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պնդել էր, թե Մանվել Սարիբեկյանը հայ հետախույզ էր, սակայն նրա ընտանիքը ՄԻԵԴ-ին հայտնել էր, որ Սարիբեկյանը սխալմամբ հատել է սահմանը մառախուղի պայմաններում, երբ փայտ և կորած անասուններին է փնտրելիս եղել: Սարիբեկյանի դին հայտնաբերվել էր բանտախցում 2010 թվականի հոկտեմբերին: Ադրբեջանի իշխանությունները հայտարարել էին, որ նա կախվել է:

  • Կիսվել: