հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Գործը դատարան է բերվել կեղծված ապացույցների հիման վրա. պաշտպան Խուդոյանը՝ Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստին

Գործը դատարան է բերվել կեղծված ապացույցների հիման վրա. պաշտպան Խուդոյանը՝ Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստին

Բագրատ Սրբազանի և մյուսների գործով ամբաստանյալներից Լիդյա Մանթաշյանի պաշտպան Տաթևիկ Սողոյանը այսօրվա դատական նիստում հանդես եկավ քրեական վարույթը կարճելու միջնորդությամբ։

Նա, մասնավորապես, նշեց. «Գործով մեղադրյալների՝ նաև վստահորդիս իրավունքների սահմանափակումն ապօրինի է և ունի այլ թաքնված նպատակ, այն է մեկուսացնել «Սրբազան պայքար»-ի ակտիվ մասնակիցներին քաղաքական գործընթացներից, այդ թվում խաղաղ ակցիաներ իրականացնելու հնարավորությունից»:

Սողոյանը հավելեց, որ գործով որպես ապացույցներ են ներկայացվել ձայնագրություններ, որոնք մոնտաժված են, կեղծված։

«Ես քաղաքական հայտարարություն չեմ անում, անում եմ իրավական արձանագրում։ ՀՀ իշխանություններն իրավապահ համակարգի ձեռքով հետապնդում են այլ՝ օրենքով չնախատեսված նպատակ մեկուսացնելու սույն գործով մեղադրյալներին քաղաքական գործընթացներից»,-նշեց նա։

Իր հերթին պաշտպան Հովհաննես Խուդոյանն էլ ասաց, որ ցանկանում է  ամփոփում անել, քանի որ իր ներկայացրած միջնորդությունն է քննարկվում ու տևական ժամանակ է անցել դրա ներկայացումից։

«Ինչպես նշեց գործընկերս, այ գործն ունի քաղաքական նպատակ, և դա ամենևին էլ քաղաքական հայտարարություն չէ։ Հստակ ձևակերպված իրավական դիրքորոշում է։ Գործը դատարան է բերվել կեղծված ապացույցների հիման վրա, ակնհայտ և խիստ ինտենսիվ միջամտությամբ, որևէ պարագայում այս գործով որևէ ակտ, բացառությամբ այս պահին Ձեր կողմից հետապնդումը դադարեցնելու՝ ընդհուպ արդարացնելու որոշումը, չի լինելու օրինական»,-նշեց նա:

  • Կիսվել: