հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Գործուն քայլերն ուղղված են լինելու 1994 թ. ԵԱՀԿ ձեւաչափով բանակցային գործընթացի վերականգնմանը. Սաղաթելյանը ներկայացրեց Դիմադրություն շարժման տեսլականը

Գործուն քայլերն ուղղված են լինելու 1994 թ. ԵԱՀԿ ձեւաչափով բանակցային գործընթացի վերականգնմանը. Սաղաթելյանը ներկայացրեց Դիմադրություն շարժման տեսլականը

Ֆրանսիայի հրապարակում ՛՛Դիմադրություն՛՛ շարժման այսօրվա համազգային հանրահավաքին ելույթ ունեցավ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը: 

Նա ներկայացրեց մի քանի քայլեր, գործողություններ, սկզբունքներ, որոնք պետք է իրականացվեն այս իշխանությունների հեռացումից հետ։

՛՛Ապազգային, ապիկար իշխանության պատճառով Արցախը, Հայաստանի անկախությունը վտանգված են, և այս վիճակը պարտավոր ենք շտկել, իսկ ուժեղ Հայաստան կերտելու համար նախ պետք է հեռացնել գործող իշխանություններին և բերել իշխանություն, որը կապահովի թուրք-ադրբեջանական արտաքին ագրեսիայի զսպումը՝ արդիականացնելով Հայաստանի ու Արցախի միասնական անվտանգության համակարգը՛՛,-ասաց Սաղաթելյանը՝ հավելելով, որ այն հիմված է ռազմավարական գործընկեր երկրների ներգրավման, հայոց զինված ուժերի վերակառուցման, նոր որակի միջազգային դիվանագիտության վրա, որը կվերահաստատի Արցախի ժողովրդի անվտանգության եւ ինքնորոշման իրավունքի երաշխավոր լինելու՝ Հայաստանի Հանրապետության հանձնառությունը՝ բացառելով Արցախի որեւէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում և առանց Հայաստանի հետ հուսալի ցամաքային կապի Արցախի անկլավային վիճակ:

Նա նշեց. ՛՛Գործուն քայլերը ուղղված են լինելու 1994 թ. ԵԱՀԿ ձեւաչափով եւ նպատակներով բանակցային գործընթացի վերականգնմանը՛՛:

Սաղաթելյանի խոսքով՝ նոր իշխանությունը պետք է բացառի Հայաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության հաշվին հաղորդակցության ուղիների ապաշրջափակման անվան տակ միջանցքների տրամադրումը, Ադրբեջանի կողմից ուժի կիրառման եւ ուժի կիրառման սպառնալիքի ներքո չի իրականացնի սահմանազատում և սահմանագծում , Հայաստան-Թուրքիա հարաբերություններում կբացառի որեւէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի հայ ժողովրդի հայրենազրկման եւ ցեղասպանության իրողությունը, ինչպես նաեւ հայության հոգեւոր-մշակութային ժառանգության կրողը լինելու իրավունքը։

Ըստ նրա՝ նոր իշխանությունը նաեւ առաջնահերթ կարեւորություն կտա պարենային անվտանգությանը եւ պետական պահուստի խնդիրներին, կարևորագույն խնդիր կդիտարկի հայ ռազմագերիների, պատանդառվածների ու պահվող այլ անձանց վերադարձը և կվարի պրոֆեսիոնալիզմի եւ հստակ չափորոշիչներով կադրային քաղաքականություն՝ ապահովելով կառավարման համակարգային ճգնաժամի հաղթահարումը:

՛՛Սփյուռքի, Հայ Առաքելական սուրբ եկեղեցու և ազգային մյուս կառույցների անմիջական ներգրավմամբ կձևավորվեն ներքին ու արտաքին մարտահրավերները դիմագրավելու համահայկական հստակ օրակարգեր՛՛,-ասաց Սաղաթելյանը։

Նա հավելեց, որ այսպիսի իշխանություն ձևավորելու համար անհրաժեշտ է՝ ազգային համաձայնության ժամանակավոր կառավարություն, անմիջապես կձևավորվի քաղաքական ու մասնագիտական իմաստով բարձրակարգ բանակցային խումբ, որը, նրա խոսքով, ոչ թե վախի, պարտվողականության ու թրքամետության դիրքերից, այլ բացառապես մեր ազգային-պետական շահերից ելնելով՝ կբանակցի Ադրբեջանի, հարկ եղած դեպքում՝ նաև Թուրքիայի հետ։ Կբանակցի հստակ ու լավ մշակված հայեցակարգով։

  • Կիսվել: