կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Գնդակը ՍԴ-ի դաշտում է՝ եթե օրենքը հակասահմանադրական ճանաչվի, հակասահմանադրական է ճանաչվում նաև հրամանագիրը․ Մարուքյան

Գնդակը ՍԴ-ի դաշտում է՝ եթե օրենքը հակասահմանադրական ճանաչվի, հակասահմանադրական է ճանաչվում նաև հրամանագիրը․ Մարուքյան

Հանրապետության նախագահը դիմել է ՍԴ՝ վիճարկելու Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի համար հիմք ծառայած օրենքի դրույթները, և հիմա գնդակը Սահմանադրական դատարանի դաշտում է: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Նրա խոսքով՝ եթե օրենքը հակասահմանադրական ճանաչվի, հակասահմանադրական է ճանաչվում նաև հրամանագիրը:  

Անդրադառնալով ԼՀԿ-ի՝ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ առաջարկին՝ Մարուքյանը նշեց, որ այն թողնվել է անպատասխան և արդեն ժամանակավրեպ է:

«Հուշագիր այլևս չի լինելու, իսկ նոր հնարավոր առաջարկի վերաբերյալ կհայտարարվի կուսակցության կառավարման խորհրդում քննարկվելուց հետո միայն: Այն, որ արտահերթ ընտրությունների անցկացման օրակարգը լինելու է առաջնային մեր երկրում, քննարկման առարկա չէ, և հետաքրքիր է, թե այն մարդիկ, որոնք պաշտպանում էին Օնիկ Գասպարյանին, բայց դեմ էին արտահերթ ընտրություններին, հիմա ինչ են ասելու: Ով դեմ է արտահերթ ընտրությունների անցկացմանը, դեմ է նաև Զինված ուժերին»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ եթե չլինեն արտահերթ ընտրություններ, երկիրը մխրճվելու է խոր ճգնաժամի մեջ:   

Մարուքյանն ասաց, որ ԲՀԿ-ի հետ քննարկում չի եղել, բայց որևէ խոչընդոտ չկա ապագայում որևէ ուժի հետ կոնսուլտացիաներ իրականացնել ստեղծված իրավիճակից դուրս գալու համար: 

Հարցին՝ եթե վարչապետը հրաժարական տա, «Լուսավոր Հայաստանը» կառաջադրի՞ վարչապետի թեկնածու, խմբակցության ղեկավարն ասաց, որ դա կորոշի կուսակցության կառավարման խորհուրդը: 

Դեմիրճյան փողոցում հնչող ելույթների մասին Մարուքյանն ասաց, որ որոշ նախկին պատգամավորներ հատել են կարմիր գիծը: Նա հորդորեց դադարեցնել նման վարքագիծը: «Ոչ ոք չի խերվել մեզ հետ կամուրջներն այրելու գործում, թող ամեն մեկն իր չափը ճանաչի: Անձնական ամեն վիրավորանք անպատասխան չի մնա, դրանք հետևանքներ կունենան»,- նշեց ԼՀԿ խմբակցության ղեկավարը:

  • Կիսվել: