«Ղուրբան լինես իմ զավակներին»․ Անդրանիկ Քոչարյանը՝ լրագրողին
Այսօր ունենք այլ իրողություն և պետք է շարժվենք՝ այդ իրողությունը հաշվի առնելով։ Այս մասին այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ պատասխանելով հարցին, թե Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտանի հատվածը թողե՞լ ենք արդյոք Ադրբեջանին, ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
«90-ականներին այդ ճանապարհի վրա մենք տվել ենք բազմաթիվ զոհեր և, բնականաբար, այդ պատերազմի ամբողջ ընթացքում հակառակորդի հենակետերը ոչնչացվել են, հեռացվել են»,- նշեց նա։
Քոչարյանի խոսքով՝ պետք է դասեր քաղել պարտությունից, իսկ լրագրողի դիտարկմանը, թե անցած 30 տարիներին թշնամին այդ տարածքում հենակետ չէր տեղադրում, արձագանքեց․ «30 տարի դու էիր տնօրինում»։
Անդրանիկ Քոչարյանը լրագրողի մյուս հարցերին ի պատասխան՝ ասաց․ «Մյուս անգամ դու կգնաս առաջնագիծ»։
Լրագրողը պատասխանեց, որ առաջնագիծ կգնա Անդրանիկ Քոչարյանը՝ որդու հետ։ Նաև հիշեցրեց, որ մամուլում տեղեկություններ կան, որ հենց Անդրանիկ Քոչարյանի միջնորդությամբ նրա զարմիկին պատերազմի ժամանակ դիրքերից հեռացրել են։
«Ղուրբան լինես իմ զավակին։ Ղուրբան լինես իմ երկու զավակին։ Գնա վարսավիրանոց, քո տեղը վարսավիրանոցում է, մազերդ տնկվել են», - զայրացած ասաց Քոչարյանը։