կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ղարաբաղը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում․ նախկին պատգամավոր

Ղարաբաղը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում․ նախկին պատգամավոր

Ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացն ավարտված չէ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Արտակ Զաքարյանը։

Նրա խոսքով՝ 44-օրյա պատերազմը վերջակետ չի դրել այդ հարցում, իսկ Ղարաբաղը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում։ «Անգամ այսօր, թվում է, անելանելի վիճակում լինելով՝ մենք ելք գտնելու շանս եւ հնարավորություն ունենք։ Բայց կապիտուլյանտներից բաղկացած ներկա իշխանությունը կամ պարզապես չի տեսնում, կամ չի ցանկանում տեսնել այդ ուղիները։ Չնայած միանգամայն հնարավոր է՝ նրանք այնքան թույլ են ու վախվորած, որ վախենում են տեսնել այդ հնարավորությունները»,- ասաց Զաքարյանը։

Ընդդիմադրի գնահատականով՝ գործող իշխանությունը վախենում է անդրադառնալ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության թեմային, բարձրացնել հայկական տարածքների օկուպացման թեման, անգամ վախենում է նշել Ազգային բանակի տոնը։ «Նրա ներկայացուցիչները պետք է հասկանան, որ վաղ թե ուշ լիակատար պատասխանատվություն են կրելու այն բոլոր ձախողումների համար, որոնք թույլ են տրվել։ Որքան ավելի արագ նրանք գիտակցեն իրենց պատասխանատվությունն ու հրաժարվեն իշխանությունից, այնքան ավելի հեշտ կլինի երկիրը դուրս բերել ճգնաժամից՝ վերականգնելով Հայաստանի ինքնիշխան դերը տարածաշրջանային գործընթացներում»,- համոզված է Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչը։ 

  • Կիսվել: