կիրակի, հունիս 22
22 / 6 / 2025
Ղարաբաղի իշխանությունները պետք է փորձեն որևէ տեսակի երկխոսություն ունենալ Ադրբեջանի իշխանությունների հետ. Թորոսյան

Ղարաբաղի իշխանությունները պետք է փորձեն որևէ տեսակի երկխոսություն ունենալ Ադրբեջանի իշխանությունների հետ. Թորոսյան

Այս ճգնաժամային իրավիճակում, կարծում եմ,  Ղարաբաղի իշխանությունները և Ղարաբաղի ժողովուրդը պետք է փորձեն ամեն դեպքում որևէ տեսակի երկխոսություն ունենալ Ադրբեջանի իշխանությունների հետ՝ նույն ճգնաժամի հանգուցալուծման համար։ Այս մասին ՛՛Ազատությանը՛՛ տված հարցազրույցում ասել է Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը:

Նա նշեց. ՛՛Գիտենք, որ չստացված փորձեր եղել են, բայց, հաշվի առնելով իրավիճակի սրությունը և հումանիտար ճգնաժամի՝ դեպի աղետ գնալու պրոցեսը, որ մենք չպետք է թույլ տանք ոչ մի կերպ, այդ երկխոսությունը, կարծում եմ, որ թե՛ Ղարաբաղի և թե՛ մեր բոլորի շահերից է, որ տեղի ունենա՛՛:

Խոսելով այն մասին, թե արդյոք այդ երկխոսությանը պետք է գնալ Ռուբեն Վարդանյանին բացառելով, քանի որ դա է նաև Ադրբեջանի պահանջը՝ պատգամավորն ասաց. ՛՛Ղարաբաղում կա ընտրված իշխանություն, որը ոչ մեկը չի չեղարկել և չի կարող չեղարկել, որովհետև եղել են ազատ, արդար ընտրություններ, և կան ինչ-որ նշանակովի պաշտոնյաներ։ Ես չեմ կարծում, որ նշանակովի պաշտոնյաները կարող են խոչընդոտել ընտրված իշխանությունների քայլերին՛՛։

Նրա խոսքով՝ ժողովրդի պահանջները սովորաբար լինում են ընտրված իշխանություններից և ոչ թե նշանակված, որովհետև ՛՛նշանակված մարդիկ կարող են փոխվել՛՛։

՛՛Ես կարծում եմ, որ Ղարաբաղի իշխանությունները, և ժողովուրդն ինքը պետք է կոչ անի իր իշխանություններին՝ տանել այդ երկխոսությունը, եւ ոչ թե երկխոսությունը տանել փակուղի կամ չտանել երկխոսություն, ինչը կարող է նաև վատ հետևանքներ բերել՛՛:

Թորոսյանն անդրադարձավ նաև Ռուսաստանին ուղղված՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկին՝ գնացեք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, թող ձեր զորքերը փոխարինվեն խառը զորախմբով: Այս առնչությամբ պատգամավորն ասաց, որ Ռուսաստանն ինքը պետք է շահագրգռված լինի, որ իր իսկ զորախումբը կարողանա էֆեկտիվ պահել այն, ինչն ամրագրված է նոյեմբերի 9-ի փաստաթղթով, եւ եթե ՌԴ-ն չի կարողանում դա պահովել, ապա վարչապետի առաջարկը տրամաբանական է:

Դիտարկմանը, որ Ռուսաստանը դժվար թե ուզենա, որ իր զորքերը խառնվեն Արևմուտքի զորքերին, Թորոսյանն ասաց. ՛՛Այստեղ կարող է լինել ոչ միայն խառնվելը, այսինքն՝ խառնվելը երկրորդ շերտը կարող ենք համարել։ Կարող է լինել ռուսական խաղաղապահ կոնտինգենտի մանդատ ստանալը ՄԱԿ-ի կողմից։ Նույնիսկ այդ դեպքում ես քիչ հավանական եմ համարում, և ընդհանրապես Ռուսաստանի Դաշնության կողմից լսվող հայտարարությունների մեջ ես կարմիր թելով նկատում եմ, որ ՛՛մեր դաշնակիցներ Հայաստանի և Ադրբեջանի միջև եղած խնդիրները պետք է լուծվեն բանակցությունների միջոցով՛՛՝ հաշվի չառնելով մինչ այդ եղած ստորագրությունները եռակողմ հայտարարությունների տակ և այլն, և այլն՛՛:

Այդպիսով, ըստ նրա, հայկական կողմը ցույց է տալիս ելքերը մի կողմի համար, որը, նրա խոսքով,  պարտավորվել է այդտեղ ապահովել անխափան կապ:

  • Կիսվել: