ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Գեղամ Նազարյանը բոլոր քաղաքական ուժերին կոչ է անում զոհված զինծառայողների ծնողներին չուղղորդել այլ նպատակներով

Գեղամ Նազարյանը բոլոր քաղաքական ուժերին կոչ է անում զոհված զինծառայողների ծնողներին չուղղորդել այլ նպատակներով

ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը, որը նաև զոհված զինծառայողի հայր է, անդրադարձավ վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանին առևանգելու փորձին՝ բոլոր քաղաքական ուժերին կոչ անելով նաև հերոս տղաների ծնողներին չուղղորդել այլևայլ նպատակներով:

 

Նազարյանն այս մասին խոսեց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում:

Պատգամավորը նախ հիշեցրեց, որ մայիսի 19-ին քննվելու է զոհված զինծառայողներից մեկի մոր կալանավորման միջնորդությունը:

«Շատ ու շատ հանգամանքներ ու փաստեր հաշվի առնելով՝ բոլոր կողմերին, այդ թվում՝ մեղադրող կողմին, կոչ եմ անում զերծ մնալ կալանավորումից: Հերթական անգամ բոլոր քաղաքական ուժերին կոչ եմ անում հերոս տղաների ծնողներին չուղղորդել այլևայլ նպատակներով: Նրանց կողքին կանգնել ոչ միայն այն ժամանակ, երբ միջադեպեր են լինում, այլ միշտ, որ իրավիճակը չհասցվի այս կետին, և որ, հուզական վիճակում գտնվող ծնողներին չհասցնեն այն վիճակին, որ նման տհաճ ու անցանկալի միջադեպեր լինեն»,-ասաց Գեղամ Նազարյանը:

Նա հավելեց՝ կինը, ով, պահել, չարչարվել, մեծացրել է իր որդուն, բնական է, որ կգտնվի շատ բարձր հուզական վիճակում: Պատգամավորը շեշտեց՝ նրանց կողքին լինելու փոխարեն պետք չէ նրանց հասցնել այս վիճակին, որ այսպիսի անհասկանալի, անընդունելի իրավիճակ լինի:

«Շատ-շատ ծնողների անունից եմ ասում՝ սա մեզ էլ շատ անցանկալի իրավիճակի մեջ է դնում: Մյուս կողմից մեր իրավապահ համակարգին, ԱԱԾ-ին մի հարց, կոչ ունեմ՝ ինչպե՞ս կարելի է երկրի ղեկավարի որդուն այսպես անպաշտպան թողնել: Իսկ գուցե մի օր էլ ինչ-որ տհաճ միջադեպ իրականացվեր շատ-շատ ավելի վատ մարդկանց կողմից, ինքը ինչո՞ւ պետք է անպաշտպան լիներ, որ նման իրավիճակում հայտնվեր»,-ասաց պատգամավորը:

  • Կիսվել: