Գալյանը չգիտի՝ Արմավիրում տեղի ունեցած սպանությունից հետո պաշտոնանկություններ կլինե՞ն, թե՞ ոչ
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը չի կարող ասել՝ Արմավիրում տեղի ունեցած սպանություններից հետո պաշտոնանկություններ կլինե՞ն, թե՞ ոչ։ Այս մասին նա ասաց լրագրողների հետ զրույցում:
«Ես չեմ կարող հետևություններ անել և այդ հարցի պատասխանատուն ես էլ չեմ, որ հետևություններ անեմ»,–նշեց Գալյանը:
Լրագրողների դիտարկմանը, որ նման դեպքերից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը գնահատականներ է տալիս, վարկածներ է առաջ քաշում ու կարծես ուղղորդում է նախաքննությանը, Գալյանն ասաց. «Յուրաքանչյուր վարկած ապրելու իրավունք ունի։ Ես չեմ հիշում որևէ դեպք, որ առաջադրված վարկածները օբյեկտիվ իրականությունից շեղում ունենան։ Այսինքն՝ եթե մենք պայթյունի ձայն լսել ենք, եղել է պայթյուն, ասել, որ եղել է պայթյուն, դա դառնում է վարկա՞ծ։
Մեր կառավարման համակարգը, կարծում եմ՝ դուք լավ պատկերացնում եք, թե ինչպիսին է։ Ներքին գործերի նախարարությունը կառավարության մաս է կազմում։ Կամ նույն տեղեկությունները, որ կարող են համանման տեղեկություններ տրամադրվել, օրինակ, ԱԱԾ–ի կողմից, ու՞մ ենթակայությամբ է գործում։
Հիմա մենք հիմա քննարկում ենք, թե վարչապետը ինչը ոնց է անում, ես առաջարկում եմ ամեն անգամ իրեն հարցնել, թե ինչը ոնց է անում»։


