շաբաթ, մայիս 25
25 / 5 / 2024
Գագիկ Ծառուկյանը Նիկոլ Փաշինյանի հետ պետք է որ չստորագրի հուշագիր. Սաղաթելյան

Գագիկ Ծառուկյանը Նիկոլ Փաշինյանի հետ պետք է որ չստորագրի հուշագիր. Սաղաթելյան

Մենք կողմ էինք հենց Հանրապետության նախագահի առաջարկած ձեւաչափով եւ մեր նշած օրակարգով հանդիպմանը, իսկ այլ ֆորմատներով հանդիպումը համարում ենք ձեւական, անիմաստ եւ անբովանդակ։ Այս մասին այսօր Սողոմոն Թեհլիրյանի արձանի մոտ միջոցառման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Հայրենիքի փրկության շարժման համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Նա վստահեցրեց, որ իրենց դիրքորոշումների մեջ փոփոխություն չկա:

Անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, որ եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, ապա իրենք պատրաստ են արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալ՝ Սաղաթելյանն ասաց. ՛՛ԲՀԿ-ն իր դիրքորոշման մասին առաջին անգամ չէ, որ հայտնում է։ Շարժման մաս կազմող կուսակցությունները կարող են ունենալ տարբեր մոտեցումներ այս չարիքի կառավարության հեռացմանը, բայց մենք ունենք կոնսենսուս, որ Նիկոլ Փաշինյանը րոպե առաջ պետք է հեռանա՛՛։

Սաղաթելյանի խոսքով՝ այս իշխանության օրոք կազմակերպված արտահերթ ընտրությունները լինելու են ոչ մրցակցային:

՛՛Որեւէ մեկը դեմ չէ արտահերթ ընտրությանը։ Ի՞նչ հարց ենք մենք լուծում արտահերթ ընտրությունների միջոցով։ Մենք գտնում ենք, որ իր կազմակերպմամբ արտահերթ ընտրությունները լինելու են ոչ մրցակցային, անվստահելի, եւ ճգնաժամն ընտրությունների արդյունքում ավելի է խորանալու, որովհետեւ այդ ընտրությունները չեն ունենալու լեգիտիմություն։

Այն մարդը, որը պատերազմը ամբողջ ընթացքում խաբել է մեր ժողովրդին, ով հանրահավաք անելու համար կիրառում է հսկայական պետական մեխանիզմներ եւ լծակներ, ով իր իշխանությունը պահելու համար ընդունակ է ամեն ինչի, այդ մարդը ո՞նց կարող է մեր երկրում ապահովել հավասար պայմաններում մրցակցային եւ նորմալ ընտրություններ։ Բոլոր նրանց, ովքեր գտնում են, թե ընտրությունները միջոց են ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու համար, նշեմ, որ մեր կարծիքով՝ ընտրությունները կարող են ավելի խորացնել ճգնաժամը, եթե այդ ընտրությունները կազմակերպեն այսօրվա իշխանությունները՛՛,-ասաց նա։

Լրագրողների հարցին՝ արդյոք շարժումը շարունակելո՞ւ է համագործակցել Ծառուկյանի հետ, Սաղաթելյանն ասաց. ՛՛Իհարկե, շարունակելու ենք համագործակցել։ Հայրենիքի փրկության շարժումը շարունակում է գործել, մեր փողոցային անհնազանդության ակցիաները, մեր հայտարարած օրակարգն ուժի մեջ են։ Ամբողջ պրոբլեմն այն է, որ եթե Նիկոլ Փաշինյանն ուզում է ընտրություններ կազմակերպել, ինքն ազատ կարող է կազմակերպել։ Խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունները այդտեղ որեւէ անելիք չունեն։ Եթե ինքն ուզում է ընտրություններ կազմակերպել եւ այլ նպատակ չի հետապնդում, թող գնա կազմակերպի, ինչ է ուզում ԲՀԿ-ից եւ ԼՀԿ-ից՛՛։

Սաղաթելյանը խոսեց նաև Ծառուկյան-Փաշինյան հնարավոր հուշագրի ստորագրման մասին: ՛՛Նախադեպը կա, բայց 2018 թվականի հոկտեմբեր ամսին Նիկոլն Ազգային ժողովում քաղաքական մեծամասնություն չուներ. այն ժամանակ քաղաքական մեծամասնությունը ՀՀԿ-ն էր։ Այն ժամանակ այդ հուշագրի մեջ տրամաբանություն կար, հիմա չկա։ Կարծում եմ՝ հիմա Նիկոլը պետք է գնա ու հուշագիր կնքի իր խմբակցության պատգամավորների հետ, որովհետեւ ինքն իրենց չի վստահում։ Հակառակ դեպքում ինչո՞ւ պետք է ընդդիմությունը պարտավորվի, որ թեկնածու չի առաջադրելու։ Այս պարագայում մնում է անհասկանալի՝ ինչո՞ւ է ինքն ուզում ընդդիմությունից պարտավորվածություն, որ թեկնածու չառաջադրեն։ Մի պարզ պատճառով՝ փաստում է, որ ինքը չունի նաեւ քաղաքական մեծամասնություն, այսինքն՝ խորհրդարանի իր պատգամավորները գերի են ընկել Նիկոլի շահերը սպասարկելու իմաստով՛՛,-ասաց Սաղաթելյանը՝ նշելով, որ Ծառուկյանը Փաշինյանի հետ պետք է որ հուշագիր չստորագրի:

  • Կիսվել: