շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Գագիկ Ծառուկյանը չի հետաքրքրվել Քոչարյանի առողջական վիճակով

Գագիկ Ծառուկյանը չի հետաքրքրվել Քոչարյանի առողջական վիճակով

 

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը այսօր ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ լրագրողին հորդորեց իրեն չկապել նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ:

Հարցին, թե արդյոք ինքը այցելել է Քոչարյանին ու հետաքրքրվել նրա առողջական վիճակով, Ծառուկյանը բացասական պատասխան տվեց. «Առանց տեսնել ձեզնից չեմ պրծնում, ձեր ցավը տանեմ»,- ժպտալով պատասխանեց նա:

Լրագրողը պնդեց հարցը՝ նրան չի՞ հետաքրքրում նախկին նախագահի առողջական վիճակը: Ի պատասխան ընդդիմադիր խմբակցության ղեկավարը արձագանքեց, որ բոլոր նախագահների, վարչապետների վիճակն իրեն հետաքրքրում է, քանի որ ապրում է այս երկրում:

«Անընդհատ ուզում եք կապեք Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, բայց ամեն մեկն իր տեսակետն ունի, ես էլ իմ տեսակետն ունեմ: Ուզում եմ, որ լավ լինի իմ երկիրը, զարգանա, ժողովուրդը լավ ապրի, իսկ այդ բոլոր հնարավորությունները մենք ունենք, միայն մենք պետք է միասնական լինենք, պետք է բոլորս միավորվենք»,- հավելեց Ծառուկյանը:

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը Իզմիրլյան բժշկական կենտրոնում վիրահատման էր ենթարկվել և մի քանի օր անց դուրս էր գրվել հիվանդանոցից: Պաշտպանական խումբը տեղեկացրել էր, որ նա իրեն լավ է զգում և այժմ գտնվում է Երևան-Կենտրոն քրեակատարողական հիմնարկում:

  • Կիսվել: