հինգշաբթի, հունիս 12
12 / 6 / 2025
Գաղտնալսումների գործով զննվել են Արթուր Վանեցյանի և Սասուն Խաչատրյանի հեռախոսները, Նիկոլ Փաշինյանի հեռախոսը չի զննվել

Գաղտնալսումների գործով զննվել են Արթուր Վանեցյանի և Սասուն Խաչատրյանի հեռախոսները, Նիկոլ Փաշինյանի հեռախոսը չի զննվել

168.am-ը Քննչական կոմիտե (ՔԿ) հարցում  է ուղարկել, որը ներկայացնում ենք ստորև՝

1. Ե՞րբ է հարուցվել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանի, ինչպես նաև Արթուր Վանեցյանի ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած գաղտնալսումների փաստով քրեական գործը:

2. Ե՞րբ է փորձաքննության ենթարկվել Արթուր Վանեցյանի հեռախոսը:

3. Ե՞րբ է փորձաքննության ենթարկվել Սասուն Խաչատրյանի հեռախոսը:

4. Եթե կա ժամկետների տարբերություն ուժային կառույցների վերոնշյալ ղեկավարների հեռախոսների փորձաքննության ժամկետների մեջ, ինչո՞վ է դա պայմանավորված:

5. Փորձաքննության ենթարկվե՞լ է արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսը: Եթե այո, ե՞րբ:

ՔԿ-ից մեզ պատասխանել են, որ ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցություններն ապօրինի գաղտնալսելու, ձայնագրառելու և համացանցում տարածելու դեպքերի առթիվ 2018թ. սեպտեմբերի 11-ին ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է թիվ 61209718 քրեական գործը, որի նախաքննությունն իրականացվում է ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում:

Հավելել էին նաև, որ հիշյալ քրեական գործով քննության առարկա է դարձել 2018թ. դեկտեմբերի 5-ին համացանցում տեղադրված ՀՀ վարչապետի, ԱԱԾ նախկին տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցություններն ապօրինի գաղտնալսելու, ձայնագրառելու և համացանցում տարածելու հանգամանքները:

«Քրեական գործի նախաքննության ընթացքում՝ 2018թ. սեպտեմբերի 12-ին, մասնագետի մասնակցությամբ՝ «Oxigen software detective 9.2.0.75» արտոնագրված ծրագրային ապահովման կիրառմամբ կատարվել է Ա. Վանեցյանի և Ս. Խաչատրյանի բջջային հեռախոսների զննում»,- 168.am-ին ասել էին ՔԿ-ից՝ հավելելով նաև, որ վերոնշյալ ծրագրային ապահովումը հանդիսանում է ոլորտում լավագույններից և արդյունավետներից մեկը, և հենց դրա կիրառմամբ են ՀՀ-ում գործող փորձագիտական հիմնարկներն իրականացնում համապատասխան փորձագիտական հետազոտություններ:

ՔԿ-ից տեղեկացրել էին նաև, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բջջային հեռախոսը փորձաքննության չի ենթարկվել:

Անհասկանալի է, իհարկե, թե ինչո՞ւ այդ գործով 3 ֆիգուրանտներից մեկի հեռախոսը հետաքրքրություն չի ներկայացրել նախաքննական մարմնի համար, և արդյո՞ք դա պայմանավորված է նրա զբաղեցրած պաշտոնով, սակայն այդ մասին ՔԿ-ն լռել էր:

  • Կիսվել: