երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբը դատապարտել է Հայաստանի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ-ի գնդակոծությունները

Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբը դատապարտել է Հայաստանի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ-ի գնդակոծությունները

Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն իր թվիթերյան էջում հայատարարություն է տարածել՝ դատապարտելով Հայաստանի ուղղությամբ ադրբեջանական ԶՈւ-ի գնդակոծությունը:

«Մենք՝ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատգամավորներս, խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի հարձակումները Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա՝ լինեն դրանք հայկական տարածքի պաշտպանության համար սահմանված ռազմական դիրքերի, թե խաղաղ բնակիչների ուղղությամբ, ինչպես դա տեղի ունեցավ Տավուշի մարզի Մովսես գյուղում։

Մինչ Հայաստանը ցուցաբերում է առավելագույն զսպվածություն, վերահաստատում հավատարմությունը բանակցային գործընթացին, ադրբեջանական իշխանությունների այս սադրանքները, ինչպես նաև Բաքվի ռեժիմի ապատեղեկատվության ռազմավարությունը չպետք է հանդուրժելի լինեն միջազգային հանրության համար:

Ադրբեջանն այս կերպ հրաժարվում է 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում ստանձնած պարտավորություններից, որտեղ Հայաստանն ու Ադրբեջանը վերահաստատեցին իրենց հավատարմությունը ՄԱԿ կանոնադրությանը և 1991 թվականի Ալմաթիի հռչակագրին՝ փոխադարձաբար ճանաչելով միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։

Այսօր Ադրբեջանն ապօրինաբար օկուպացնում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի զգալի հատվածներ։ 

Եվրոպական Միությունը պետք է պահանջի Ադրբեջանից դուրս բերել իր զորքերը և դադարեցնել հայկական տարածքի օկուպացիան՝ Հայաստանի տարածքային ինքնիշխանությունը և Հարավային Կովկասում խաղաղությունը պահպանելու համար», -ասված է հայտարարության մեջ:

  • Կիսվել: