հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
«Ֆլայ Արմենիան» հերքում է «Boeing» օդանավի վաճառքն ու գաղտնի պահում, թե որ ընկերությունից է այն վարձակալել

«Ֆլայ Արմենիան» հերքում է «Boeing» օդանավի վաճառքն ու գաղտնի պահում, թե որ ընկերությունից է այն վարձակալել

Մամուլում լուրեր են շրջանառվում, որ «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերության վարձակալած «Boeing 737-300» օդանավը, որը Երեւան ժամանելու փոխարեն հայտնվել էր Թեհրանում, սեփականատերը վաճառել է դեռեւս 8 ամիս առաջ: Այս մասին է բարձրաձայնել նաեւ ավիափորձագետ Նավիկ Խաչատրյանը՝ համոզմունք հայտնելով, որ օդանավն այլեւս Հայաստան չի գա. գնորդն արդեն վճարել է դրա համար, գրում է Armtimes.am-ը։

Սակայն «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ընկերությունից վստահեցնում են՝ տարածվող տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում: Օդանավը չի վաճառվել որեւէ այլ ավիաընկերության:

«Ես չգիտեմ, թե որտեղից են վերցրել այդ սխալ ինֆորմացիան ու ինչպես են կազմում մեր փորձագետներն իրենց ենթադրությունները կամ ֆեյսբուքյան ստատուսները, որի արդյունքում հետո սկսում են հարցազրույցներ տալ լրատվամիջոցներին»,- մեկնաբանելով լուրը՝ «Հայական ժամանակին» ասաց «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերության մամուլի խոսնակ Արսեն Հայթյանը:

Նրանից նաեւ հետաքրքվեցինք, թե «Ֆլայ Արմենիա Էյրվեյզը» ե՞րբ էր վարձակալել «Boeing 737-300» օդնավը, ո՞ր ընկերությունից ու որքան ժամանակով: Հայթյանը փոխանցեց՝ օդանավը վարձակալվել է եվրոպական ընկերությունից՝ 5 տարի ժամկետով: Վարձակալության պայմանագիրը կնքվել է 2020 թվականի օգոստոսին: Սակայն, թե որ ընկերությունից է օդանավը վարձակալվել, Հայթյանը նպատակահարմար չգտավ ասել՝ պատճառաբանելով՝ դա կարող է խանգարել հարուցված քրեական գործի քննության հետագա ընթացքին:

Նկատենք՝ մարտի 16-ին ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնել էր, որ «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերության թռիչքային եւ տեխնիկական անձնակազմի իրականացրած ստուգումների արդյունքում արձանագրվել են մի շարք խնդիրներ, որոնք ներկա պահին օդանավի թռիչքը դարձնում են անհնարին: Թե ինչ խնդիրներ են առաջացել, ավիանընկերության խոսնակը չի տիրապետում: Նրա խոսքով՝ խնդիրները միայն ու միայն տեխնիկական են, շատ մասնագիտական:

Ավիանընկերությունում դժվարացան ասել, թե կոնկրետ ինչքան ժամանակ կպահանջվի խնդիրները վերացնելու համար: «Մեր հրամանատարն այս պահին գտնվում է մեր աշխատանքային խմբի հետ: Նա որոշում է կայացրել՝ ինքնաթիռը օդ չի բարձրանա, քանի դեռ չեն լուծվել տեխնիկական բոլոր խնդիրները»,- ասաց ավիաընկերության խոսնակը:

«Ֆլայ Արմենիա Էյրվեյզի» ներկայացուցիչը նաեւ մի փաստի առիթով ճշգրտում արեց, ինչն, ըստ նրա, տեւական ժամանակ է՝ մամուլում սխալ ձեւով է մեկնաբանվում ու շրջանառվում. «Մենք ինքնաթիռը ոչ թե վերադրաձնելու ենք, այլ առաջին անգամ բերելու ենք Հայաստան, քանի որ այն երբեք մեր երկրում չի գտնվել: Այժմ ամեն ինչ անում ենք, որպեսզի օդանավը բերենք»:

Ինչ վերաբերում է թռիչքուղու փոփոխությանը, կամ չարտոնված վայրէջքին, ընկերությունը նախապես տեղյակ չի եղել: «Լիզինգատուից ձեռք բերված օդանավը գտնվում էր Տալլինի օդանավակայանում, որտեղ անցնում էր տեխնիկական վերազինում: Լիզինգատուն էլ ասել էր, որ օդանավը վերազինումը կարող է շարունակել Ուկրաինայի Գոստոմելի օդանավակայանում, որտեղ եւ գործուղվել է Քաղավիացիայի կոմիտեի մասնագետը, նրա հաստատումը ստանալուց հետո մենք ստացել ենք մեկանգամյա տեխնիկական թռիչքի հնարավորություն: Թույլտվությունը 10 օր էր: Փետրվարի 19-ի առավոտյան զանգել ենք Ուկարինա, որպեսզի հասկանանք, թե ինչ ընթացք է ունեցել թռիչքը, այնտեղից մեզ ասել են, որ օդանավը վայրէջք չի կատարել: Անմիջապես տեղյակ ենք պահել կոմիտեին, ինքներս սկսել հետաքննություն, թե որտեղ է գտնվում ինքնաթիռը: Արդյունքում 1 օրվա մեջ՝ փետրվարի 20-ին հայտնաբերել ենք, որ օդանավը Իրանի Մեհրաբադ օդանավակայանում է»,- մանրամասնեց Արսեն Հայթյանը:

Ըստ Հայթյանի՝ չնայած ենթադրություններով խոսելն այնքան էլ ճիշտ չէ, բայց ենթադրվում է, որ փաստաթղթեր են կեղծվել, քանի որ ի սկզբանե օդանավի համար տրվել է մեկ թռիչքի թույլտվություն՝ Տալլինից դեպի Ուկրաինա. «Այն փաստացի շեղվել է թռիչքուղուց: Անգամ եթե ինքնաթիռը վայրէջք էր կատարելու վերալիցքավորվելու, դրա համար եւս պիտի ունենար թույլտվություն, թե՛ օդնավաը, թե անձնակազմը»:

  • Կիսվել: