«Ֆանտաստիկ փերֆոմանս տեսանք ընդդիմադիր գործընկերների կողմից, երբ իրավիճակը կառավարելու ապիկարության պատճառով լքում են դաշտը»․ Կոնջորյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին կոչ է անում հարգանքի մասին խոսելուց առաջ, նախևառաջ, խոսել իր թիմակիցների հետ:
«Պարոն Մինասյան, գալիս ասում եք՝ «եկեք իրար հարգենք», բայց հետո թողնում ու դահլիճից գնում եք. սա ֆենոմենալ բան է, ֆանտաստիկ փերֆոմանս մենք հիմա տեսանք ընդդիմադիր գործընկերների կողմից, երբ քաղաքական նեղացկոտության, ճշմարտությունը լսելու անկարողության, իրավիճակը կառավարելու ապիկարության պատճառով թողնում ու լքում են դաշտը, ընդ որում, այդ դաշտը կարող է լինել տարբեր՝ քաղաքական դաշտը, պատերազմի դաշտը», - հայտարարեց Կոնջորյանը:
Քաղաքական դասալքությունը, ըստ Կոնջորյանի, ՀՀ քաղաքական համակարգում վերջին տասնամյակներին տեղ գտած չափազանց կարևոր իրողություն է եղել, երբ տարբեր ղեկավարներ, տարբեր պաշտոնյաներ իրենց առջև կանգնած խնդրից խուսափելու ելքը գտել են թողնելը ու հեռանալը:
«Ու այսօր մեզ մեղադրում են ու ասում՝ «դուք չհեռացաք, դուք հրաժարական չտվեցիք պատերազմից հետո», բայց մոռանում են, որ վարչապետի հրաժարականի հետևանքով է, որ իրենք հիմա այստեղ նստած են, բայց հիմա այստեղ նստած չեն: Հարգելի գործընկերներ, ես հիմա խոսում եմ ձեր աթոռների հետ, ոչ թե ձեզ հետ, որովհետև դուք հեռացել եք, որովհետև դուք լուռ հեռացաք, շրխկացրեցիք դուռն ու հեռացաք, դուք ձերն ասացիք ու գնացիք, դա եմ ես անվանում քաղաքական ինֆանտիլություն», - նշեց ՔՊ-ական պատգամավորը: