Էթիկայի հանձնաժողով կստեղծվի, բայց սանկցիա չի կարող լինել. Ռուբեն Ռուբինյան
Ազգային ժողովում էթիկայի հանձնաժողով կստեղծվի, դա արդյունք է նրա, որ նախորդ գումարման Ազգային ժողովի վերջին նիստում մենք համապատասխան փոփոխություն կատարեցինք ԱԺ կանոնակարգ օրենքում։ Այս մասին, այսօր՝ օգոստոսի 3–ին ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱԺ նորընտիր նախագահ Ռուբեն Ռուբինյանը։
«Էթիկայի հանձնաժողովը պետք է բաղկացած լինի հավասար թվով պատգամավորներից՝ մեծամասնությունից և ընդդիմությունից։ Դա ժամանակավոր հանձնաժողով է լինելու, երկու տարով, բայց հետո կթարմացվի։ Առաջին նախագահը կլինի մեծամասնությունից, իսկ տեղակալը ընդդիմությունից, հետո վեց ամիս հետո կփոխվեն և այսպես շարունակ։
Երբ որ ստեղծենք, դրանից հետո խմբակցությունները իրենց անդամներին կներկայացնեն։ Ես կարծում եմ սա լավ փոփոխություն է, որովհետև նախկինում անընդհատ ասում էին՝ ինչ-որ X հարցով ստեղծեք հանձնաժողով։ Հիմա կա այդ հանձնաժողովը, եթե հարցեր լինեն, այդ հարցերը կքննարկվեն հանձնաժողովում։
Կարող է հարց ծագել՝ բա եթե դիմեն էթիկայի հանձնաժողով, նա էլ որոշի, որ էթիկայի խախտում է եղել, ի՞նչ է լինելու։ Սանկցիա որպես այդպիսին չի կարող լինել, բայց ինքնին այն փաստը, որ պատգամավորները իմանան, որ կա էթիկայի հանձնաժողով, և եթե իրենք էթիկայի կանոնները խախտեն, համապատասխան դիմում կլինի, ինձ թվում է, արդեն իսկ դա հանրային ճնշում է և կարող է օգնել մեզ իմ առաջարկած բարեկրթության օրակարգի հարցում»,–ասաց նա։



