կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Եթե վարչապետը փոխվի, GPS-ով սահման որոշող ադրբեջանցիներին կդիմավորեն մեր պետական մարմինների ներկայացուցիչները, ոչ թե գյուղապետերը. Մարուքյան

Եթե վարչապետը փոխվի, GPS-ով սահման որոշող ադրբեջանցիներին կդիմավորեն մեր պետական մարմինների ներկայացուցիչները, ոչ թե գյուղապետերը. Մարուքյան

Եթե օր առաջ երկրի վարչապետը փոխվի, կառավարության նկատմամբ վստահությունը կվերականգնվի, պետական ինստիտուները կվերականգնեն իրենց ամենօրյա բնականոն գործունեությունը։ Այս մասին ԱԺ լսումների ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, հավելելով․

«Եվ երբ ադրբեջանցիները կգան, կասեն` ըստ GPS-ի մենք այստեղ պետք է կանգնենք, այնտեղ իրենց կդիմավորեն մեր պետական մարմինների ներկայացուցիչները։ Եվ ոչ թե կդիմավորեն գյուղապետերը, փառք իրենց, կամ մեր զինված կամավորները, էլի փառք իրենց։ Ուզում եմ հիշեցնել, որ 2020 թվականին «Լուսավոր Հայաստանը» սկսեց անվտանգության սեկտորի մոնիթորինգ: Հունվարին փակ ռեժիմով խմբակցություն են հրավիրվել պաշտպանության նախարարը, ԱԱԾ տնօրենը, ԱԽ քարտուղարը, ՀՀ ոստիկանապետը և, եթե հիշում եք, այդ ժամանակ Իրանում սպանվեց հայտնի գեներալը՝ Սոլեյմանին։

Պաշտպանության նախարարին տրված հարցերից մեկը եղել է ՍՈՒ-երի հարցը, թե արդյոք ճի՞շտ գնում էր այն, թե ոչ: Եվ մեզ այնպիսի պատասխաներ տվեց պաշտպանության նախարարը, որ մենք ուղղակի սկսեցինք ամաչել՝ ինչու ենք նման հարց բարձրացրել: Ստացվեց՝ այնքան ճիշտ ու դիպուկ գնում է իրականացվել, որ եթե հանկարծ, Աստված մի արասցե, պատերազմ սկսվի, հողին են հավասարեցնելու թշնամուն։ ՊՆ նախարարի զեկույցը դրա մասին է եղել։ Նույնը նաև անվտանգության խորհրդի քարտուղարը, որ մենք ամեն ինչ գիտենք, այս համակարգերը չեն եղել, նոր ենք ստեղծում։

Նաև արտաքին գործերի նախարարին ես հրավիրել եմ խմբակցություն, Լավրովը նոր էր վիճահարույց հայտարարություններ արել, և այդ ժամանակ նա մինչև վերջ հավաստիացրեց ոչ ամեն ինչ լավ է, անհանգստանալու բան չկա, ամեն ինչ վերահսկողության տակ է։ Նույնն ասել է վարչապետը դրա հաջորդ օրը հրավիրված փակ խոսակցության ժամանակ», - ասաց Էդմոն Մարուքյանը։

Մարուքյանը ելույթի վերջում կրկին պնդեց՝ վարչապետն օր առաջ պետք է փոխվի, որպեսզի կառավարության նկատմամբ վստահությունը վերականգնվի։

  • Կիսվել: