շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Եթե ուզում են ստեղծել ընդդիմության և Փաշինյանի հանդիպման այնպիսի տեսարան,  ինչպես երեկ եղավ ԳՇ-ի հետ, ապա այդ հաճույքը նրանց չենք պարգևի. Սաղաթելյան

Եթե ուզում են ստեղծել ընդդիմության և Փաշինյանի հանդիպման այնպիսի տեսարան, ինչպես երեկ եղավ ԳՇ-ի հետ, ապա այդ հաճույքը նրանց չենք պարգևի. Սաղաթելյան

Մենք կարևորում ենք երկրում ստեղծված իրավիճակից, ճգնաժամից հրատապ դուրս գալու անհրաժեշտությունը, պատրաստ ենք հանդիպման, բայց այդ հանդիպումը չպետք է լինի ձևական: Այս մասին այսօր Բաղրամյան պողոտայում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը:

՛՛Ավելի մատչելի ասեմ՝ եթե ուզում են ստեղծել ընդդիմության և Նիկոլ Փաշինյանի այնպիսի հանդիպման տեսարան, ինչպես երեկ եղավ ԳՇ-ի հետ, ապա այդ հաճույքը նրանց չենք պարգևի: Բայց եթե իրականում ուզում են երկրում ստեղծված իրավիճակից ելքեր գտնել, ապա մենք պատրաստ ենք այդ հանդիպմանը՛՛,-նշեց նա:

Սաղաթելյանի խոսքով՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից հրավիրված հանդիպմանը կմասնակցեն միայն այն օրակարգով, որն իրենք են առաջարկում, հակառակ դեպքում՝ որևէ շոուի ականատես չեն ուզում լինել. ՛՛Մինչ այս պահը պարզ չէ՝ Նիկոլ Փաշինյանն ընդունե՞լ է Արմեն Սարգսյանի հանդիպման առաջարկը, թե՞ ոչ, ես չգիտեմ՝ նրանք պայմանավորվածություն ունե՞ն, թե՞ ոչ, բայց մեզ դա չի էլ հետաքրքրում: Նիկոլ Փաշինյանն ընտրություններից խոսում է այն ժամանակ, երբ շարժումը թափ է հավաքում, ուժեղանում է: Երբ շարժումն իր թափը որոշակիորեն կոտրում է, նա ասում է՝ դե լավ, ժողովրդական պահանջ չկա, ընտրություն չի լինելու: Նա հաճախ այս քայլերով կարողացել է ազդել շարժման ընթացքի վրա, այս անգամ չի հաջողվի դա նրան՛՛:

Ըստ Սաղաթելյանի՝ Նիկոլ Փաշինյանն ընտրությունների չի գնում, քանի որ վախ ունի չընտրվելու և այդ պատճառով հուշագրերի ստորագրում է ուզում խորհրդարանից: 

՛՛Նախագահը պետք է ողջունի մեր օրակարգը: Բայց եթե այդ սեղանի շուրջ պետք է քննարկվի Սահմանադրական բարեփոխումներ, ընտրական օրենսգիրք, օրենքներ, ապա գնանք ի՞նչ խոսենք: Մենք այս առումով կասկածներ ունեինք, որ կողմերն այս առաջարկության մեջ անկեղծ չեն, ու իրենց ավելի շատ հետաքրքիր է ստանալ իրենց ուզած տեսարանը, իսկ մեզ հետաքրքրում է իրավիճակից ելքեր գտնելը, քանի որ մեր երկիրը գնալով հյուծվում է՛՛,-ասաց Սաղաթելյանը:

 

  • Կիսվել: