երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Եթե բանակն ուժեղացնում ենք, որ վերականգնենք պատմական արդարությունը, հարց է ծագում` ինչու պիտի ուրիշները թույլ տան, որ այդ բանակն ուժեղանա. Փաշինյան

Եթե բանակն ուժեղացնում ենք, որ վերականգնենք պատմական արդարությունը, հարց է ծագում` ինչու պիտի ուրիշները թույլ տան, որ այդ բանակն ուժեղանա. Փաշինյան

Յուրաքանչյուր երկրի լեգիտիմ իրավունքն է ունենալ ուժեղ և մարտունակ բանակ:  Այս մասին այսօր Հանրային ռադիոյի «Անվտանգային միջավայր» հաղորդմանը տված հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Եթե դու ուժեղ և մարտունակ բանակ ունես՝ լեգիտիմ նպատակներ իրագործելու համար, ոչ մեկ քեզ չի կարող ասել՝ ինչու ես դու քո բանակն ուժեղացնում:

Պետք է ուժեղացնենք բանակը մեր երկրի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, անկախությունը պաշտպանելու նպատակով: Մենք բանակն ուժեղացնում ենք մեր երկրի անվտանգության համար»:

Վարչապետի խոսքով՝ լեգիտիմությունը ՀՀ-ի միջազգայնորեն ճանաչված սահմանի մեջ է:

«Ես ասում եմ` պիտի ունենանք բանակ, որը պաշտպանի մեր երկրի` Հայկական ԽՍՀ–ի տարածքը։

Եթե բանակն ուժեղացնում ենք, որ վերականգնենք պատմական արդարությունը, հարց է ծագում` ինչու պիտի ուրիշները թույլ տան, որ այդ բանակն ուժեղանա: Առնվազն խելամիտ չէ թույլ տալ, որ այդ բանակն այնքան ուժեղանա, որ հետո էդ ուժեղացած բանակի հետ գործ ունենան»,-նշել է նա:

Դիտարկմանը, որ հիմա Հայաստանն այդպիսի ուղերձներ չի հղում աշխարհին, Փաշինյանն արձագանքել է. «Ես ասում եմ, որ մենք չպետք է աշխարհին հղենք այդպիսի ուղերձներ, բայց գիտեք ինչ, ես չեմ ուզում, որ այս խոսակցությունը լինի մեր ու աշխարհի միջև: Ես ուզում եմ, որ այս խոսակցությունը լինի մեր միջև, որովհետև ես հիմա աշխարհի հետ չեմ խոսում, ես խոսում եմ Ձեզ հետ և Ձեր միջոցով՝ Հանրային ռադիոյի լսարանի և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ: Սա շատ կարևոր նրբություն է, իմիջիայլոց, ես նաև լեգիտիմության առումով մի շատ կարևոր նրբություն ընդգծեմ:

Մենք ներքին և արտաքին աշխարհի կամ ներքին և արտաքին խոսակցության խոսույթները նույնպես պետք է նույնականացնենք, որովհետև այստեղ նույնպես ճեղք առաջանալու դեպքում այդ ճեղքի մեջ առաջանում է, գեներացվում է էներգիա, որը խնդիր է առաջացնում մեր արտաքին անվտանգության համար: Եվ, հետևաբար, Ձեր առաջին հարցին պատասխանելով՝ ես ասացի ինչ նկատի ունեմ լեգիտիմություն ասելով: Ես նկատի ունեմ լեգիտիմություն՝ նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը, Հայաստանի Հանրապետության անկախությունը և զարգացման համար բնականոն պայմաններ ապահովելը:

Եվ հաջորդ արձանագրումն այն է, որ սա պետք է լինի անվտանգության մասին մեր ռազմավարական պատկերացման հիմքը: Սա ի՞նչ է նշանակում: Սա նշանակում է, որ ամեն ինչ՝ բոլոր քաղաքականությունները, բոլոր խոսույթները մենք պետք է համապատասխանեցնենք այս ռազմավարությանը, որպեսզի այս հռչակված ռազմավարության և իրականությունների արանքում նույնպես ճեղք չառաջանա, որովհետև ճեղքերն այն տեղերն են, որտեղ մեզ համար աննկատ գեներացվում է այն էներգիան, որը սպառնալիք է ստեղծում Հայաստանի անվտանգության համար»:

  • Կիսվել: