ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Եթե քաղաքական ուժի հետ գնացել եք ընտրության և ստացել եք որոշակի ձայներ՝ պարտավոր եք այդ ուժի հետ շարունակել աշխատել․ Սուքիասյանը՝ Մարությանի պաշտոնանկության մասին

Եթե քաղաքական ուժի հետ գնացել եք ընտրության և ստացել եք որոշակի ձայներ՝ պարտավոր եք այդ ուժի հետ շարունակել աշխատել․ Սուքիասյանը՝ Մարությանի պաշտոնանկության մասին

Ես ողջունում եմ, որ 30 տարվա մեջ առաջին անգամ քաղաքական հայտ ներկայացվեց, դա այն է, որ եթե պաշտոնյան ընտրվում է որևէ կուսակցության համամասնական ցուցակով՝ դա թիմային ընտրություն է, դա քաղաքական համակարգի ընտրություն է,  թիմային ծրագրի ընտրություն է և ունի իր տրամաբանությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն՝ անդրադառնալով Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացին:

Նրա խոսքով՝ տրամաբանությունն այն է, որ եթե այս կամ այն քաղաքական ուժի հետ գնացել եք ընտության և ստացել եք որոշակի ձայներ՝ պարտավոր եք այդ քաղաքական ուժի հետ շարունակել աշխատել: 

«Եթե այդ քաղաքական թիմի հետ ունեք անհամաձայնություններ, ապա պետք է հրաժարվել և հեռանալ:

Ես նաև մի տրամաբանություն եմ առաջարկում հաշվի առնել: Կարծում եմ, պետք է մոնիթորինգ արվի՝ հասկանալու համար, թե մենք ինչ հնարավորություններ էինք ունեցել, պետք է դիտարկել այն մուտքերը, որ ունեցել ենք քաղաքապետարանի հաշիվներին և այն աշխատանքը, որ կատարվել է այդ գումարներով՝ ինչ ժամկետներում, ինչ արդյունավետության են եղել և ինչ տրամաբանություն են ունեցել»:   

Սուքիասյանն ընդգծեց, որ ողջ աշխարհը գնում է արդյունավետության բարձրացման ուղղությամբ:

«Օրինակ, մասնավոր ոլորտում, եթե այս կամ այն կառույցը մրցում է այս կամ այն կազմակերպության հետ և իր ծախսերն ավելի շատ են, ապա որոշակի ժամանակ անց այն կվերանա դաշտից: Նույնը պետք է նաև պետականի դեպքում լինի, ծախսերը պետք է մինիմալ լինեն: Ես չեմ կարծում, որ այս կամ այն խնդիրը լուծելիս՝ պետք է առաջնորդվել ցանկացած գնով այդ հարցը լուծելու տրամաբանությամբ»:

  • Կիսվել: