կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Քաղաքացիները պետք է ընտրեն նրանց, ովքեր կարող են ղեկավարել պետությունը. Արման Թաթոյան

Քաղաքացիները պետք է ընտրեն նրանց, ովքեր կարող են ղեկավարել պետությունը. Արման Թաթոյան

«Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը քվեարկել է 7/50 ընտրատեղամասում և հայտարարել է, որ Ազգային ժողովի այս ընտրությունները պատմական նշանակություն ունեն։

«Այս ընտրություններն իսկապես պատմական նշանակության են։ Մենք որոշում ենք այսօր մեր ապագան։ Մենք որոշում ենք մեր երեխաների համար, թե ինչ երկիր ենք ունենալու»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Թաթոյանը։

Նրա խոսքով՝ ամենավտանգավորը փոփոխություն կատարելու հնարավորությունը բաց թողնելն է։

«Ես ուզում եմ, որ այս ընտրությունները չլինեն բաց թողնված հնարավորություն մեզ համար, որովհետև սա մեզանից յուրաքանչյուրի համար է, մեր երիտասարդների համար է»,-նշել է նա։

Թաթոյանը կոչ է արել երիտասարդներին մասնակցել քվեարկությանը՝ ընդգծելով, որ անվտանգ պետություն, ժամանակակից կրթություն և բարձր վարձատրվող աշխատանք ունենալու համար անհրաժեշտ է ակտիվ քաղաքացիական մասնակցություն։

«Ես խնդրում եմ, որ քաղաքացիները հաշվի առնեն, թե ով իսկապես կարող է երկիրը ղեկավարել, ով է հասկանում պետությունից, ով է պատկերացնում, թե ինչ է նշանակում պետական կառավարման համակարգը, և ովքեր դժվար պահերին ապացուցել են, որ կարող են մարդկանց կողքին լինել»,-ասել է Թաթոյանը։

 

  • Կիսվել: