կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ես կկարողանամ շատ արագ վերականգնել հայ-ռուսական հարաբերությունները․ Քոչարյան

Ես կկարողանամ շատ արագ վերականգնել հայ-ռուսական հարաբերությունները․ Քոչարյան

Կա անվստահության լուրջ մակարդակ այն ամենի նկատմամբ, որ ՀՀ գործող իշխանությունն է այստեղ անում, բայց ես չեմ կարծում, թե այդ հարաբերություններն այն աստիճանի են վնասված, որ հնարավոր չէ շատ արագ վերականգնել: Այս մասին նշել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, արդյո՞ք հայ-ռուսական հարաբերությունները հասել են վտանգավոր մակարդակի և հնարավո՞ր է այդ հարաբերությունները վերադարձնել նախկին մակարդակին:

Քոչարյանը մասնավորապես ասել է, որ ինքը չի կարծում, թե խոսքն ինչ-որ վտանգավոր մակարդակի մասին է․

«Մեր շահերը բազմաթիվ ուղղություններով համընկնում են: Այստեղ բավական է ընդամենը վերադառնալ ազնիվ հարաբերություններին, առանց մութ խաղեր խաղալու: Եվ հարաբերությունները շատ արագ կվերականգնվեն»:

Լրագրողը հետաքրքրվել է՝  երկրորդ նախագահը նկատե՞լ է, որ Փաշինյանը փորձում է հաղթել հակառուսական տրամադրությունների շնորհիվ:

«Նա իր ողջ գիտակցական կյանքում քաղաքական և լրագրողական կարիերա է կառուցել հակառուսական կարգախոսներով: 2018 թ. ապրիլյան իրադարձություններից հետո ՌԴ հետ իրական հարաբերությունները փոքր-ինչ ստվերեցին տրամադրությունների հակառուսականությունը, բայց այժմ դրանք սկսում են դրսևորվել, գուցե ոչ այդքան ակնհայտ, բայց թեման միշտ առկա է»,- ասել է նա:

Հաղթելու դեպքում ինչպե՞ս է պատրաստվում կառուցել հարաբերությունները ՌԴ հետ: Այս հարցին պատասխանելով՝  Քոչարյանը նշել է, որ կա համագործակցության ոլորտների լայն շրջանակ:

«Հայաստանը փոքր երկիր է, ոչ մեծ տարածքով ու բնակչությամբ: Ռուսական շուկան մեզ համար հսկայական է: Այդ պատճառով ցանկացած ուղղությամբ համագործակցության ընդլայնման հնարավորություն կա: Տնտեսության մեջ ինտեգրումը շահեկան է, ընդ որում, կարծում եմ՝ և մեզ, և ՌԴ համար: Վերին Լարսի անցակետով անցնող ճանապարհը մշտական տրանսպորտային խնդիր է, այստեղ նույնպես պետք է ունենալ մայրուղու համատեղ նախագիծ, որը կդառնար զարգացման լուրջ գործոն թեկուզ առկա տրանսպորտային հոսքերի համար»,- նշել է Ռոբերտ Քոչարյանը։

  • Կիսվել: