ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ես չեմ ստորագրի մի բան, որից հետո չեմ կարողանա նայել ձեր աչքերին. Վարչապետ

Ես չեմ ստորագրի մի բան, որից հետո չեմ կարողանա նայել ձեր աչքերին. Վարչապետ

Ես չեմ ստորագրի մի բան, որից հետո չեմ կարողանա նայել ձեր աչքերին. պատասխանելով լրագրողի այն հարցին՝ արդյոք կստորագրի փաստաթուղթ, որը նոր վտանգներ կպարունակի, նշեց Փաշինյանը:

Վարչապետը նախ նշեց, որ ինքը ամենաշատ հրաժարական տված ղեկավարն է, բացի այդ, ինքը նաեւ փաստաթուղթ է ստորագրել, եղել է դեպք նաեւ, որ փաստաթուղթ չի ստորագրել։

«Այսինքն՝ այն ինչ ասում եք՝ տեսական չի։ 2020–ի նոյեմբերի 9–ի հայտարարությունը, որը ես ստորագրել էի, ես դրանից երջանիկ չէի։ Դա ծանր  ու դառը որոշում էր, բայց գիտակցված։ Ես տեսել եմ, որ այդ թղթի մեջ եւ այդ թղթի իրագործմամբ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կարողանում են իրենց շահերը հետապնդել։ Այն ժամանակ այդ հայտարարությունը կապիտուլյացիա անվանվեց, այսօր թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության ներկայացուցիչները, իրավապաշտպանները հղում ենք անում նոյեմբերի 9–ի հայտարարությանը։ Արդարադատության միջազգային դատարանը Լաչինի միջանցքի հետ կապված իր որոշումը հիմնավորել է այդ հայտարարությամբ։ Մեր պրոբլեմն այսօր եռակողմ հայտարարությունը չէ, հակառակը, եթե եռակողմ հայտարարությունը լիարժեք պահպանվեր, մենք այս ամեն ինչը չէինք ունենա։ Մեր խնդիրն այդ հայտարարության չիրագործումն է, եւ երաշխիքների ու երաշխավորի բացակայությունն է, չգործելն է  դրա պատճառը»,– ասաց Փաշինյանը։

Վարչապետը հիշեցրեց ԱԺ–ում ամիսներ առաջ իր արված հայտարարությունը, որում նշել էր՝ ինչ կստորագրի, ինչ՝ չէ, որից հետո մեծ հանրահավաք տեղի ունեցավ Երեւանում։

«Ես կստորագրե՞մ մի բան, որ ո՛չ Ձեր, ո՛չ էլ իմ երեխաների աչքերի մեջ չկարողանամ նայել, ոչ։ Նախորդ ասուլիսում մի ակնկալիք ունեի լրագրողներից, ասում էի՝ եկեք էս խոսակցությունը մի բանի համար օգտագործենք, մեզ հետ տեղի ունեցածը ու մեզ հետ տեղի ունեցողը  ավելի խորը հասկանանք, որովհետեւ պրոբլեմի հիմքը դա է։ Մենք պետք է պրոբլեմն ախտորոշենք, որ կարողանանք լուծել։ Ինձ թվում է՝ գենետիկ մակարդակում  ես պրոբլեմը գիտեմ ամբողջ խորությամբ։ Գիտե՞մ արդյոք լուծումները, այո, ես գիտեմ նաեւ լուծումները, որոնց մասին բարձրաձայնել եմ այն շրջանակներում, ինչ կարելի է բարձրաձայնել։ Կստացվի՞ այդ լուծումը, ես դա չգիտեմ, մի պարզ պատճառով, որովհետեւ այսօրվա աշխարհում չկա մի ղեկավար, որը գիտի՝ մի ամիս հետո է ինչ է լինելու, չկա էդ ղեկավարը։ Գիտեմ, ձեր հայացքներով ասում եք՝ բա ինչի՞ ես էստեղ, մենք պետք է հասկանանք, որ փլուզվող աշխարհում ենք ապրում հիմա, եւ դա ամենավատ բանն է, որ կարող էր տեղի ունենալ։ Ընդ որում՝ 2020 թվականի պատերազմը գենետիկ կապ ունի էսօր տեղի ունեցող ամեն ինչի հետ»,– ասաց Նիկոլ Փաշինյանը։ 

 

  • Կիսվել: