երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Ես չեմ կարծում, որ Մարությանի վարկանիշի հետևում ընկած է ինստիտուցիոնալ կերպով արված լավ աշխատանք․ Դավիթ Խաժակյան

Ես չեմ կարծում, որ Մարությանի վարկանիշի հետևում ընկած է ինստիտուցիոնալ կերպով արված լավ աշխատանք․ Դավիթ Խաժակյան

Երևան քաղաքի ավագանին ունի ուղիղ պարտավորություն ամրագրված օրենքով՝ իրականացնելու քաղաքապետի գործունեության վերահսկողություն։ Եվ սա այն երաշխիքն է, որը քաղաքացու տված քվեն 5 տարվա ընթացքում պետք է արդյունավետ իրացնի։ Այս մասին Երևանի ավագանու նիստում քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախագծի քննարկման ժամանակ ասաց «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։

«Ավագանու վերահսկողական դերը երեք տարիների ընթացքում արդյունավետ չի իրականացվել։ Ինչո՞ւ այսօր ունենք այս իրավիճակը, ես կարծում եմ՝ այսօրը պետք է ավելի շուտ գար, որովհետև դեռևս 2019-2020 թվականներին, երբ մենք քննարկում էինք կատարողականները, ես ասում էի՝ այսպիսի կատարողական ցուցաբերած քաղաքապետը պետք է անմիջապես վերցնի թուղթը, ներկայացնի հրաժարականի դիմում և հեռանա»,- ասաց Խաժակյանը։

Նա նշեց, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի վարկանիշն այսօր բարձր է, քանի որ հետպատերազմյան շրջանում նա անմասն մնաց քաղաքական պրոցեսներից։ Քաղաքական պրոցեսներից անմասն մնալն ի վերջո ապահովեց հարաբերական բարձր վարկանիշ։ «Բայց ես չեմ կարծում, որ այդ վարկանիշի հետևում ընկած է ինստիտուցիոնալ կերպով արված լավ աշխատանք»,- հավելեց Խաժակյանը։

Նա որպես վատ աշխատանքի օրինակ բերեց Երևանում օրեցօր աճող ինքնակամ շինությունները։ Ըստ նրա՝ մինչև 2021 թվականն ունեինք այնպիսի իրավիճակ, որ ով ինչ ցանկանում կառուցում էր քաղաքում։ Եվ այդ ամենը մնում էր անհետևանք։

«Բարեբախտաբար, իրավիճակը փրկեց քաղաքապետարան եկած պաշտոնյաներից մեկը, ով կարողացավ իր ձեռքը վերցնել այս գործը, և ինքնակամ կառույցների քանդման աշխատանքներ իրականացվեցին՝ սկսած 2021 թվականից։ Եվ սա էլ է դրական ազդել քաղաքապետի վարկանիշի վրա»,- նշեց Դավիթ Խաժակյանը։

Նա անդրադարձավ նաև ավտոբուսներ ձեռք բերելու գործընթացին․ «Հայտարարվեց, որ միջազգային վարկով 100 հատ 12 մետրանոց ավտոբուսներ են ձեռք բերվելու։ Բայց մեկը նայե՞լ է քաղաքի տրանսպորտային ցանցի այն նախագիծը, որը մենք ունենք, քանի՞ 12 մետրանոց ավտոբուս էր նախատեսում։ Մենք պատվիրում ենք 100-ը, ցանցը նախատեսում էր 39-ը։ Եվ ես երկար ժամանակ փորձում եմ հասկանալ՝ մենք ինչո՞ւ ենք 100 հատ 12 մետրանոց պատվիրում»։

  • Կիսվել: