Ես բազմաթիվ հեռանկարներ եմ տեսնում Պակիստանի, Հայաստանի և Կովկասյան տարածաշրջանի միջև. Պակիստանի դեսպան
Իսլամաբադը մեծ նշանակություն է տալիս Մոսկվայի, Երևանի և Բաքվի հետ կապերի ամրապնդմանը։ Այդ մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Մոսկվայում Պակիստանի դեսպան Ֆեյսալ Նիյազ Թիրմիզին։
Մեկնաբանելով Պակիստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը՝ Բաքվի և Երևանի միջև լարվածության կարգավորման ֆոնին, ինչպես նաև Պակիստանում Հայաստանի առաջին դեսպանի նշանակման վերաբերյալ հարցերը՝ դիվանագետը ընդգծել է, որ «Հայաստանը, Ադրբեջանը և Կովկասը շատ ընդհանրություններ ունեն Պակիստանի հետ»։
«Շատ տարիներ մենք դիվանագիտական հարաբերություններ չենք ունեցել Հայաստանի հետ, և ես շատ ուրախ եմ, որ վերջին իրադարձություններից հետո Հայաստանի հետ նորմալ շփումներ հաստատելու անհրաժեշտության գիտակցում է ձևավորվել»,-նշել է Ֆեյսալ Նիյազ Թիրմիզին՝ շարունակելով. «Եթե նայեք վերջին իրադարձություններին, ես շատ եմ ճանապարհորդել Դաղստան, Չեչնիա, Սոչի, Կրասնոդար և եղել եմ Ադրբեջանում։ Պատմականորեն Կովկասյան տարածաշրջանի և Պակիստանի միջև կա հսկայական կապ։ Ես բազմաթիվ հեռանկարներ եմ տեսնում Պակիստանի, Հայաստանի և ամբողջ Կովկասյան տարածաշրջանի միջև»։
«Եթե գնաք Ադրբեջան, կտեսնեք, որ Բաքվի ամենամեծ շրջաններից մեկը կոչվում է Մուլթան Սարայ (Մուլտանի քարավան-Սարա -խմբ), իսկ Մուլթանը Պակիստանի երրորդ կամ չորրորդ խոշորագույն քաղաքն է։ Սա այն պատմական քաղաքն է, որտեղ Ալեքսանդր Մակեդոնացին վիրավորվել է, և նա հետագայում մահացել է Բաբելոնում ստացած վերքերից», - շարունակեց դեսպանը։
«Պակիստանում կա զգալի թվով հայ բնակչություն։ Քչերը գիտեն դա, բայց երկրի ամենաբարձր ռազմական պարգևատրվածներից մեկը հայկական ծագում ունեցող պակիստանցի զինվոր էր։
Ես նաև եղել եմ Դուբայում։ Այնտեղ բազմաթիվ ամուսնություններ են տեղի ունեցել հայերի և պակիստանցիների միջև։ Սա նպաստում է մարդկանց միջև կապերին, զարգացնում առևտուրն ու մշակույթը։ Եվ ես կարծում եմ, որ Հայաստանը, Ադրբեջանը և Կովկասը շատ ընդհանրություններ ունեն Պակիստանի հետ», - նշեց դիվանագետը։
Ֆեյսալ Նիյազ Թիրմիզին պատմել է, որ դեռ մանկուց երազել է Կովկասի պատմության մասին գրքեր կարդալու մասին։ «Ես պատիվ եմ ունեցել այցելել այս տարածաշրջանի բազմաթիվ երկրներ և հողեր։ Մենք պատմական կապեր ունենք Կովկասի հետ։ Եվ Հայաստանը դրանց շատ կարևոր մասն է կազմում։ Ես տեսնում եմ, թե ինչպես են այժմ զարգանում մարդկանց միջև շփումները և գործարար կապերը Հայաստանի և Պակիստանի միջև», -եզրափակեց նա։



