Ես այս ամբողջ գործընթացը համարում եմ անարգանք ժողովրդավարության և երևանցու քվեի հանդեպ․ Հայկ Մարության
Սկզբում մամուլում ակնհայտ սուտ լուրեր տարածեցին, որ իբր հանդիպել եմ ինչ–որ նախկին պաշտոնյաների հետ, ինչ–որ բաներ եմ պայմանավորվել։ Այս մասին այսօր ավագանու արտահերթ նիստին հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, որի ընթացքում իշխող «Իմ քայլը» խմբակցությունն անվստահություն է հայտնում իրեն։ Ի թիվ այլ հարցերի նա անդրադարձավ նաև հարցին, թե ինչ մեթոդներով է իշխանությունն իրականացնում իրեն անվստահություն հայտնելու գործընթացը։
«Մանիպուլացնում են, թե ինչ–որ նախկին պաշտոնյաների տներ եմ օրինականացրել, բայց չգիտես ինչու չեն նշում, որ դա իրականացվել է կառավարության 912 N որոշման հիման վրա, որի դեմ մենք 3 տարի է՝ պայքարում ենք, բայց կառավարությունը համառորեն թողնում էր ուժի մեջ, որ այդ նույն որոշմամբ օրինականացվում են նաև իշխանության ներկայացուցիչների ինքնակամ կառույցները»,– ասաց նա և նշեց, որ քաղաքապետարանը ստիպված է շարժվել կառավարության որոշումներով։