Երրորդ երկրների քաղաքացիների համար ՀՀ-Թուրքիա սահմանի բացման տեխնիկական աշխատանքներն ընթացքի մեջ են․ Չավուշօղլու
Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համատեքստում պատասխանելով փոխադարձաբար դիվանագիտական ներկայացուցչություններ բացելու հավանականության մասին հարցին՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն A Haber-ի եթերում ասել է, ոև առաջիկայում դա չի կարող լինել:
՛՛Առաջիկայում` կարճաժամկետ կտրվածքում, դա կարող է չլինել։ Նախ պետք է մյուս քայլերը անենք։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն էլ եկավ Թուրքիա։ Նրա հետ այստեղ մեր նախարարությունում հանդիպեցինք՛՛,- նշել է Չավուշօղլուն։
Նա հավելել է, որ թուրքական կաղմի համար կարևոր է նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև շարունակվող գործընթացը, և Անկարան աջակցում է կայուն խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Թուրքիայի ԱԳ նախարարը կարևորել է նաև տարածաշրջանում լոգիստիկ, տրանսպորտային նախագծերի իրականացումը՝ ընդգծելով, որ այժմ Արևելք-Արևմուտք` ՛՛Միջին՛՛ միջանցքը կենսական նշանակություն է ձեռք բերել։
՛՛Այն բանից հետո, երբ Հյուսիսային միջանցքը դադարեց լինել այլընտրանք, այստեղ պետք է քայլեր անենք այնպես, որ դա բխի բոլորի շահերից։ Մենք էլ, ինչպես գիտեք, Հայաստանի հետ մեր օդային տարածքը բացեցինք, բեռնափոխադրումները սկսեցինք, փոխադարձ թռիչքներն էլ մեկնարկեցին։ Երբ ասում ենք` մեր օդային տարածքը բացեցինք, նկատի ունենք, որ մեր օդային տարածքով Հայաստանի ավիաընկերությունները երրորդ երկրներ էլ են կարողանում թռչել՛՛,- ասել է Չավուշօղլուն։
Ցամաքային սահմանի բացմանը վերաբերող հարցին նա պատասխանել է, որ այն բացվել է ինչպես վերջին երկրաշարժի ժամանակ, այնպես էլ 1999-ի երկրաշարժի ժամանակ։
՛՛Հիմա նախ և առաջ, որպեսզի այդ սահմանադուռը հնարավոր լինի բացել, քաղաքական պայմանների հետ միասին անհրաժեշտ է ամբողջացնել և վերանորոգել այն, ինչպես նաև ճանապարհները և կամուրջները, քանի որ տարիներ շարունակ դրանք չեն օգտագործվել։ Բացի այդ, պատմական Մետաքսի ճանապարհի կամուրջ կա, գիտեք, 9 դար առաջ է կառուցվել, մի ոտքը հայկական կողմում է, մյուսը՝ թուրքական։ Այս կամրջի վերակառուցման հետ կապված էլ համաձայնության ենք հասել Արարատ Միրզոյանի՝ Թուրքիա այցի շրջանակում՛՛,- նշել է թուրք դիվանագետը։
Չավուշօղլուի խոսքով՝ որպեսզի այս սահմանադուռը դիվանագիտական անձնագիր ունեցողների կամ երրորդ երկրների քաղաքացիների համար բացվի, պետք է անհրաժեշտ ֆիզիկական պայմանները ապահովվել։
՛՛Այս ուղղությամբ տեխնիկապես աշխատանքներ են կատարվում։ Յուրաքանչյուր կողմի իր աշխատանքներն է կատարում։ Իրականացվում են նաև համատեղ որոշ աշխատանքներ, տեղում ուսումնասիրություններ։ Մեր տարբեր նախարարություններից մասնագետներ են գնում, աշխատանքները շարունակվում են՛՛,- ասել է նա։


