շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Երևանում` Թբիլիսյան խճուղում, բախվել են Opel-ն ու Hyundai-ը. կա 1 զոհ, 3 վիրավոր

Երևանում` Թբիլիսյան խճուղում, բախվել են Opel-ն ու Hyundai-ը. կա 1 զոհ, 3 վիրավոր

Այսօր՝ մայիսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։50-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում բախվել են Opel և Hyundai մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 5 հրեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը։ Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի ծառայողները։

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Հակոբ Մաշչյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Հովհաննես Սարգսյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Հ. Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։

Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ Մինչ դեպքի վայրում աշխատում էր հետաքննիչը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

  • Կիսվել: