Երևանում բնակարան ձեռք բերելը դառնում է թրենդային. Փաշինյան
Անշարժ գույքի շուկան ադապտացիայի շատ տիպիկ օրինակ է ցույց է տալիս: Այդ մասին Կառավարության՝ օգոստոսի 13-ի նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը հիշեցրեց՝ եկամտային հարկի վերադարձի հետ կապված ծրագիրը 2026-ի հունվարի 1-ից Երևանում դադարեցվել էր, և դրա հետ կապված՝ կային որոշ մտահոգություններ և մտավախություններ, բայց ակնհայտ է, որ 2026 թվականին անշարժ գույքի շուկան առավել քան ակտիվ է, ինչը, Նիկոլ Փաշինյանը շատ կարևոր և ուրախալի փաստ է համարում:
«Այսօր Հայաստանի Հանրապետությունում, մասնավորապես՝ Երևանում, բնակարան ձեռք բերելը դառնում է թրենդային:
Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ նաև բազմաթիվ օտարերկրյա քաղաքացիներ, հիմնական մասը, իհարկե, սփյուռքի մեր ներկայացուցիչները, բնակարաններ, անշարժ գույք են ձեռք բերում ՀՀ-ում: Դա, իհարկե, կապված է միջազգային թրենդների հետ, բայց նաև կախված է այն հանգամանքից, որ Հայաստանի գրավիտացիոն ուժն աճում է, և սա շատ կարևոր նորություն է»,- ասաց նա:
Դիմելով Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանին՝ Փաշինյանն ասաց, որ ոլորտում պետք է այնպիսի բարեփոխումներ արվեն, որպեսզի դինամիկան ոչ թե վնասվի, այլ ակտիվանա:
Ըստ Փաշինյանի՝ թվայնացման ոլորտում ևս անելիքներ կան, պետք է անշարժ գույքի հետ կապված գործարքները հեշտացվեն, բայց մյուս կողմից՝ պետք է այնպես արվի, որ գործարքների վստահելիության մակարդակը բարձրանա, ոչ թե նվազի:


