ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Երևանն այլևս որոշում կայացնող չէ. Թոմաս դը Վաալ

Երևանն այլևս որոշում կայացնող չէ. Թոմաս դը Վաալ

«Հայաստանի ոչ մի իշխանություն երբեք ամբողջությամբ չի հրաժարվի Ղարաբաղի ժողովրդից: Կարծում եմ, որ վերջին տարվա ընթացքում կամ գուցե ավելի երկար, բանակցային թեման սա է՝ ինչպիսի երաշխիքներ կարող են տրվել ղարաբաղցիներին», - «Ազատության» հետ զրույցում ասում է ղարաբաղյան հակամարտության մասնագետ, Քարնեգի հիմնադրամի ավագ փորձագետ Թոմ դը Վաալը։

Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

«Ազատություն». - Սահմանին ամեն օր կրակոցներ են: Կարծում եք՝ Ադրբեջանն ավելի ծանր ուժ կկիրառի՞ Ղարաբաղում:

Թոմ դը Վաալ. - Կարծում եմ, որ այս իրավիճակն ի սկզբանե անկայուն է։ Նկատի ունեմ, որ, ցավոք, բռնությունը մշտապես տեղի է ունենում: Հաճախ դժվար է հստակ իմանալ, թե ինչ է կատարվում: Բայց կարծում եմ, որ այս պահին կա նաև դիվանագիտական ճանապարհ, որը շարունակվում է Վաշինգտոնում։ Նոր բանակցություններ են սպասվում նաև Բրյուսելում։ Այդ իսկ պատճառով ցավալի է, որ մենք տեսնում ենք բռնության այս մակարդակը: Բայց չեմ կարծում, որ պետք է ադրբեջանական կողմից լուրջ էսկալացիա ակնկալել։ Ինչպես տեսանք այս երկու տարվա ընթացքում, նրանց մարտավարությունը բնութագրվում է «պարտադրական դիվանագիտություն» տերմինով, այն է, օգտագործել և՛ ուժ, և՛ դիվանագիտություն: Դա նշանակում է, որ երբեմն տեսնում ենք էսկալացիա, բայց այն չի հասնում լայնամասշտաբ պատերազմի մակարդակի, քանի դեռ բանակցությունները շարունակվում են։

«Ազատություն». - Գալով բանակցություններին։ Այս իրավիճակում տեսնո՞ւմ եք Ղարաբաղը հայկական պահելու հնարավորություն, տարբերակ:

Թոմ դը Վաալ. - Ակնհայտ է, որ սա է առանցքային, հիմնական հարցը։ Բաքվի և Երևանի միջև ընթացող բանակցություններն ինչ-որ երկկողմանի համաձայնության մասին են, և ակնհայտ է, որ Հայաստանի այս կառավարությունը շատ ավելի առաջ է գնացել, քան նախորդ կառավարությունները Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու առումով։ Երևանը դա անում է միջազգային ակնհայտ որոշակի ճնշման տակ, Հայաստանին ասում են՝ պետք է ընդունես, որ Ղարաբաղի անկախության գաղափարը վերացել է։

Բայց մյուս կողմից, պարզ է նաև, որ Հայաստանի ոչ մի իշխանություն երբեք ամբողջությամբ չի հրաժարվի Ղարաբաղի ժողովրդից: Այնպես որ, կարծում եմ, որ վերջին տարվա ընթացքում կամ գուցե ավելի երկար, բանակցային թեման սա է՝ ինչպիսի երաշխիքներ կարող են տրվել ղարաբաղցիներին։ Եվ այստեղ ակնհայտ է, որ տարբեր դերակատարներից տարբեր բաներ ենք լսում: Ինչ վերաբերում է ռուսներին, ապա անվտանգությունը երաշխավորում են ռուս խաղաղապահները։ Գուցե բավական անկատար։ Խոսելով ղարաբաղցիների հետ՝ ակնհայտ է դառնում, որ նրանք շատ ավելի քիչ ուրախ են և ավելի շատ հիասթափված ռուս խաղաղապահներից։ Բայց նրանք նաև գիտեն, որ ռուսները չեղածից ավելի լավ են։ Իսկ ամերիկացիներից և եվրոպացիներից մենք լսում ենք ինչ-որ միջազգային մեխանիզմի, միջազգային ներկայության մասին խոսույթը։ Բայց, իհարկե, դա կարող է շատ բան նշանակել։ Օրինակ, ԵԱՀԿ-ի ինչ-որ միջազգային գրասենյակ կամ կարող է նշանակել անվտանգության որոշակի ներկայություն:

Կարծում եմ, որ ակնհայտ հենց դրա շուրջ են ընթանում մեզ համար անտեսանելի բանակցությունները կուլիսների հետևում։ Սա հիմնական որոշիչը կլինի Ղարաբաղի ժողովրդի համար։ Արդյո՞ք նրանք տեսնում են, որ իրենց ապագան Ադրբեջանի կազմում է։ Բաքվի իշխանությանը նրանք չեն վստահում, իսկ միջազգային ի՞նչ ներկայություն կամ մեխանիզմ կտրվի նրանց։

Մենք պարզապես չգիտենք դրա պատասխանը: Ես, հավանաբար, նույնիսկ ավելի հեռու կգնայի՝ ասելով, որ խնդրի մի մասն է հետևյալը․ Ղարաբաղի ներսում տեսնում ենք տարբեր մարդկանց՝ տարբեր պատասխաններով։ Համոզված եմ, որ եթե Վիտալի Բալասանյանին ու Սամվել Բաբայանին հարցնեիք, ապա տարբեր պատասխաններ կստանայիք։ Իսկ Ռուբեն Վարդանյանը, համոզված եմ, կասեր. «Մենք պետք է խոսենք ռուս խաղաղապահների հետ»։ Մինչդեռ Սամվել Բաբայանը կասեր, որ «մենք կարող ենք ադրբեջանցիների հետ գործարք անել»։ Այսպիսով, սա նույնպես այս խնդրի մի մասն է, որ մենք հստակություն չունենք:

 

  • Կիսվել: