ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Երևանի նորընտիր քաղաքապետը չի անդամակցելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը

Երևանի նորընտիր քաղաքապետը չի անդամակցելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը

Երևանի նորընտիր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը չի պատրաստվում անդամակցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը:

«Այդպիսի քննարկումներ չունենք: Ես անկուսակցական եմ և ստանձնել եմ քաղաքապետի պարտականությունները, որպեսզի կառավարեմ այն ծրագրերը, որ սկսել եմ, միևնույն ժամանակ ապահովեմ այն խզվածությունը, որ առկա էր գործադիր, օրենսդիր մարմինների ու ավագանու միջև»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նա:
 

Սարգսյանը տեղեկացրեց, որ քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնին առաջարկելու է «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Լևոն Հովհաննիսյանին: 

«Լեւոն Հովհաննիսյանը ֆինանսական համակարգում բավական մեծ փորձ ունի եւ վստահ եմ, որ ինքը քաղաքապետի առաջին պաշտոնում բավականին մեծաջակցություն է ցուցաբերելու մեր թիմին ու նպաստելու է  Երեւանի զարգացմանը»,- ասաց նա` հավելելով, որ մյուս փոխքաղաքապետերի հետ կապված էլ փոփոխություններ կլինեն:

Նա նշեց նաև, որ Երևանի քաղաքապետարանում ու վարչական շրջաններում սպասվում են կադրային փոփոխություններ:

Հրաչյա Սարգսյանը նաեւ ասաց, որ իր եկամտի միակ աղբյուրը իր ստացած աշխատավարձն է, անվտանգության աշխատակցի կարիք էլ չունի, իսկ մեքենա վարել չգիտի:

  • Կիսվել: