Երևանի ավագանին 4 նոր անդամ ունի. Երեքը՝ ՔՊ–ից, մեկը՝ «Մայր Հայաստան»–ից
Երևանի ավագանու ՔՊ խմբակցության անդամներ Միքայել Խաչատրյանը, Լևոն Լևոնյանը, Նատալյա Սինորյանը և «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը իրենց դիմումների համաձայն դադարեցրել են ավագանու անդամի իրենց լիազորությունները։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 8–ին, Երևանի ավագանու հերթական նիստի մեկնարկին հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նրա խոսքով, ԿԸՀ-ի հուլիսի 27-ի արձանագրությամբ մանդատները տրվել են ՔՊ ցուցակի հերթական հաջորդ համարի ներքո գտնվող՝ Գոհար Սաֆարյանին, Սերգեյ Ապրեսյանին, Արթուր Մայիլյանին, իսկ «Մայր Հայաստան» խմբակցությունից Կարապետ Վարդանյանին։
Ավագանին ընդունեց որոշում որով հաջորդ նիստը կգումարվի հոկտեմբերի 13-ին, ժամը 10-ին։
Ավինյանը ներկայացրեց օրակարգը, որը բաղկացած է 28 հարցից։ Ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարներն առաջարկեցին մի քանի հարց, մասնավորապես քաղաքապետարանի բյուջետային ծախսերին վերաբերող՝ դարձնել զեկուցվող, բայց ՔՊ խմբակցությունը դեմ քվեարկեց։



